Թուրքիան արտաքսում է Sputnik գործակալության թուրքալեզու ծառայության գլխավոր խմբագրին
Իրավունք
14:46 20/04/2016

Թուրքիան արտաքսում է Sputnik գործակալության թուրքալեզու ծառայության գլխավոր խմբագրին

Թուրքիայի իշխանությունները երկրից արտաքսում են ռուսական Sputnik գործակալության թուրքալեզու ծառայության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովին,-հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները առանց բացատրություններ ներկայացնելու այս պահին Ստամբուլի օդանավակայանում արգելում են ծառայության գլխավոր խմբագրի մուտքը երկիր՝ նախապատրաստելով վերջինիս Թուրքիայից արտաքսման փաստաթղթերը:

«Օդանավակայանում ինձ երկար սպասեցնելուց հետո փաստաթուղթ տրամադրեցին, որտեղ գրած էր, որ իմ մուտքը Թուրքիա արգելված է առանց որևէ բացատրության: Ինձանից նաև վերցրեցին իմ լրագրողական հավատարմագիրը, ինչպես նաև կացության իրավունքի թույլտվությունը, որից հետո ինձ առաջարկեցին առաջին իսկ չվերթով հետ վերադառնալ Ռուսաստան»,- հայտնել է Քերիմովը:

Միաժամանակ հաղորդվում է, որ Ստամբուլի դատարանի որոշմամբ գործակալության կայքը դեռ շարունակում է արգելափակված մնալ: Գործակալության աշխատակիցները ստեղծված հանգամանքներից ելնելով նյութերը հրապարակում են բացառապես սոցիալական ցանցերում:

«Ռիա նովոստի» գործակալությունը դեպքի առնչությամբ փորձել է բացատրություններ ստանալ Թուրքիայի պատկան մարմիններից, սակայն, ինչպես հաղորդվում է, բոլորը հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել:

Գործակալությունը նկատում է, որ այս քայլով Թուրքիայի իշխանությունները թույլ են տալիս միջազգային նորմերի կոպիտ խախտումներ, իսկ Ռուսաստանն էլ սպասում է բացատրությունների:

Placeholder
Թուրքիան արտաքսում է Sputnik գործակալության թուրքալեզու ծառայության գլխավոր խմբագրին