Վարչապետը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին
Առողջություն
18:29 20/04/2016
Հայաստան

Վարչապետը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության  Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքի և նոր եռահարկ մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներին, շրջել նորակառույց շենքի բաժանմունքներով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վարչապետին ներկայացվել են արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի (ՈՓԲ) և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացը: 

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման և արտաքին երեսպատման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն նաև բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների մատակարարման աշխատանքները:

Տեղեկացվել է, որ  երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցված եռահարկ նոր մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային նշանակություն ունեցող ցողունային բջիջների հավաքագրման, մշակման և պահպանման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչներին: Արյունաբանական կենտրոնը կունենա 88 մահճակալ և տարեկան 75 հիվանդի փոխպատվաստում իրականացնելու հնարավորություն: Կենտրոնի ծառայություններն առավել ամբողջական դարձնելու նպատակով նախատեսվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ՝  միջազգային և տեղի մասնագետների մասնակցությամբ:

Կարևորելով տարածաշրջանում միջազգային չափանիշներին համապատասխան միակ կենտրոնի կառուցումը՝  վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել, որ  ներդրված գումարները նպատակային են ծախսվել, իսկ շինաշխատանքները՝ որակով կատարվել:

Placeholder
Վարչապետը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին