Չենք կարող վստահ լինել, որ թուրքական սնունդով մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում. Ծովինար Կոստանյան
Տնտեսություն
14:48 20/04/2016
Հայաստան

Չենք կարող վստահ լինել, որ թուրքական սնունդով մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում. Ծովինար Կոստանյան

Վաղը՝ ժամը 12-ին կառավարության շենքի մոտ նախատեսվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների ներմուծման և սպառման: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության կազմակերպիչ, «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Ծովինար Կոստանյանը:

«Ակցիայի ժամանակ կընթերցենք և բաց նամակ կհանձներնք կառավարությանը, որում  առաջին պահանջը վերաբերում է Թուրքիայից սնունդ ներմուծելու հարցին: Մենք չենք կարող վստահ լինել, որ այդ սնունդով, մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում, սա շատ կարևոր հարց է, որին պետք է պետականորեն անդրադառնալ»,-նշեց նախաձեռնող անդամը:

Ծովինար Կոստանյանը նշեց, որ կառավարությանն ուղղված իրենց պահանջների մեջ է մտնում նաև ճկուն մաքսային քաղաքականություն և ուղիների մշակումը՝ այլ երկրներից ապրանք ներմուծելու հետ կապված:

«Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ, բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արման Ղուկասյանն էլ հայտնեց, որ 2008-2014 թվականներին Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 1,5 մլրդ դոլարի ապրանք, իսկ անկախության տարիներին այդ ամբողջ թիվը կազմել է 2,2մլրդ դոլար:

Նրա խոսքով՝ սրանք պաշտոնական թվեր են միայն, ինչը իրականում ավելի շատ կարող  է կազմել:

«Թուրքական ապրանքների ներմուծման դեմ պայքարը միշտ եղել է, բայց քառօրյա պատերազմից հետո այս խնդիրն օրակարգային դարձավ: Այս նախաձեռնությամբ փորձելու ենք ամեն ինչ անել, որ հաջողության հասնենք: Պետք է հաշվի առնենք, որ սրանով մենք խոսում ենք ազգային անվտանգության և արժանապատվության մասին»,-հավելեց Արման Ղուկասյանը:

 

 

Placeholder
Չենք կարող վստահ լինել, որ թուրքական սնունդով մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում. Ծովինար Կոստանյան