Հունաստանում վառվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի կրակը
Աշխարհում
19:37 21/04/2016
Աշխարհ

Հունաստանում վառվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի կրակը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակի վառման պաշտոնական արարողությունը կայացավ հունական Օլիմպիա ավանի Հերայի տաճարում:

Ավանդույթի համաձայն՝ կրակը վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները: Այս տարի ևս գլխավոր քրմուհու դերը կատարում էր հույն դերասանուհի Կատարինե Լեհուն: Վերջինս, ըստ հին հունական Օլիմպիական խաղերին բնորոշ արարողակարգի, «խնդրում է» աստվածներին մարդկանց ուղարկել օլիմպիական կրակը: Խաղերի կրակը վառվում է հատուկ հայելիների միջոցով:

«Ռիո-2016»-ի առաջին ջահակիրը մարմնամարզիկ Էլեֆտերիոս Պետրունիասն է: Նրան հաջորդում է բրազիլացի վոլեյբոլիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ջիովանե Գավիոն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օլիմպիական խաղերի կրակը Հունաստանում կմնա մոտ մեկ շաբաթ և ապրիլի 27-ին օդանավով կհասնի Բրազիլիայի մայրաքաղաք՝ նախագահի նստավայր, որտեղից էլ մայիսի 3-ից կսկսվի կրակի փոխանցումավազքը:

Օլիմպիական խաղերի կրակը փոխանցումավազքի 95 օրերի ընթացքում կանցնի 329 քաղաքով, 10000 մղոն՝ օդով, 20000 կմ՝ ցամաքով: Փոխանցումավազքին կմասնակցի 12000 մարդ:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 5-21-ը՝ 17 օրվա ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:
 

Placeholder
Հունաստանում վառվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի կրակը