Էստոնական ազգային արական երգչախումբը ելույթ է ունենալու Վանաձորում
Մշակույթ
10:45 21/04/2016
Հայաստան

Էստոնական ազգային արական երգչախումբը ելույթ է ունենալու Վանաձորում

«Գրեմմի» մրցանակակիր էստոնական ազգային արական երգչախումբն ապրիլի 23-ին ելույթ է ունենալու Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Համերգը նվիրվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունից:

Նշենք, երգչախումբը Հայաստան է գալու «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակներում:

Ապրիլի 25-ին էստոնական ազգային արական երգչախումբը ելույթ է ունենալու նաև Արամ Խաչատրյան համերգասրահում:  Համերգի ծրագրում լինելու է՝ Մարտ Սաար, Ալեքսանդեր Լաատե, Կոնստանտին Տուուրնպու, Գեյվին Բրայարս, Հենրիկ Օդեգաարդ, Ջովանի Բոնատո, Գալինա Գրիգորևա, Ջեյմս Մաքմիլան, Միխաել Պերտորիուս, Կոմիտաս Վարդապետ:

Էստոնական ազգային արական երգչախումբը (Eesti Rahvusmeeskoor, հայտնի նաև որպես RAM) հիմնադրվել է 1944թ. դիրիժոր Գուստավ Էռնեսաքսի կողմից, որն Էստոնիայի երգչախմբային երաժշտության առաջնորդն էր: Արական երգչախումբը, որը սկզբնապես երգում էր a cappella, այժմ համաշխարհային համբավ ունեցող պրոֆեսիոնալ երգչախումբ է, հայտնի կատարվող երգչախմբային ստեղծագործությունների լայն ծավալով: Վերջին հինգ տարիների ընթացքում երգչախումբը թողարկել է 3 ալբոմ, որոնցից վերջինը՝ «Դրախտում»-ը (Գալինա Գրիգորևայի երաժշտությամբ), արժանացել է պատվավոր մրցանակի և ճանաչվել 2014թ. լավագույն դասական ալբոմ։ Ներկայումս երգչախումբը ձայնագրվում է երկու ալբոմի համար, մեկն ընդգրկում է Հենրիկ Օդեգաարդի ամբողջական ստեղծագործությունները, իսկ մյուսը՝ Ջովանի Բոնատոյի և Ջովանի Գաբրիելիի երկերը։

2004թ. RAM-ն արժանացել է «Գրեմմի» մրցանակին խմբերգային երաժշտության կատեգորիայում, Սիբելիուսի «Cantatas (Virgin Classics)» ձայնասկավառակի ձայնագրության համար, որին մասնակցել են Էստոնական ազգային արական երգչախումբը, «Էլերհեյն» աղջիկների երգչախումբը և Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը` Պաավո Յաարվիի ղեկավարությամբ: Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտի» ալբոմը, ձայնագրված նույն երաժիշտների կողմից, 2005թ. Բի Բի Սի-ի «Մյուզիք մագազինի» կողմից ճանաչվել է նվագախմբային երաժշտության լավագույն ալբոմ։

2011–2012թթ. համերգաշրջանում Միկկ Ուլեոյան հանդես է եկել որպես երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական տնօրեն: Երգչախմբի երգացանկն ընդգրկում է Վերածննդի երաժշտությունից մինչև 21-րդ դարի կոմպոզիտորների գործերը։ Էստոնացի կոմպոզիտորներից բացի երգչախումբը կատարել է տարբեր ծրագրեր՝ Շոստակովիչից մինչև Թաքթաքիշվիլի և Բրայարսից մինչև Բոնատո։

Էստոնական ազգային արական երգչախումբը հանդես է եկել ավելի քան 6300 համերգներով Էստոնիայում, նախկին Խորհրդային Միության խոշոր քաղաքներում և տարբեր երկրներում՝ Արևմտյան Եվրոպայից մինչև Իսրայել, Կանադա և ԱՄՆ:

Placeholder
Էստոնական ազգային արական երգչախումբը ելույթ է ունենալու Վանաձորում