Կրթությունը հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ու տարածաշրջանի զարգացման հիմնաքար. նախարար
Կրթություն, գիտություն
16:06 22/04/2016
Հայաստան

Կրթությունը հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ու տարածաշրջանի զարգացման հիմնաքար. նախարար

«Ես համոզված եմ, որ մեր բարդ տարածաշրջանում հենց կրթությունն է այն հիմնաքարը, որ կնպաստի հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանն  ու  տարածաշրջանի հետագա զարգացմանը»,-նշել է կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դերը մեր կրթական համակարգում` ընդգծելով, որ Ամերիկյան համալսարանն իր  ձևավորման օրվանից նոր կրթական չափանիշ և որակ բերեց բարձրագույն կրթության համակարգում` խթան դառնալով նաև մյուս համալսարանների համար: Միաժամանակ, նախարար Լ. Մկրտչյանը  ցանկություն է հայտնել ամերիկյան մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:

Իր հերթին դեսպան Ռիչարդ Միլսը  գոհունակություն է հայտնել կրթության ոլորտում առկա հայ-ամերիկյան  համագործակցության  մակարդակից:

Խոսելով անկախության տարիներին կրթական մի համակարգից  մյուսի անցման ճանապարհի մասին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կառուցվածքի առումով Հայաստանի կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ  ձևավորվել է, սակայն մեծ անելիքներ կան բովանդակության ապահովման ուղղությամբ:

Ընդ որում, նախարարը նշել է, որ կրթական նոր համակարգի ձևավորման  գործում մեծ ներդրում են ունեցել  Միացյալ Նահանգները, Համաշխարհային բանկն` իր վարկային ծրագրերով, մասնավորապես ՀԲ վարկային ծրագրով նախատեսվում է  իրականացնել հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքներ: Նախարարը ցանկություն է հայտնել՝ ՀԲ-ի հետագա վարկային ծրագիրն ուղղորդել կրթության որակի բարձրացմանը միտված նախաձեռնություններին, որոնք կնպաստեն  բարձրագույն կրթության և ավագ դպրոցի բովանդակության և որակյալ կրթության ապահովմանը:

«Միայն որակյալ կրթություն ստանալու միջոցով է, որ հաջորդ սերունդը կարող է կերտել ու ամրապնդել Հայաստանի ապագան: Հպարտ ենք, որ աջակցում ենք նախարարությանը՝ երեխաների պաշտպանության ազգային բարեփոխումների ու ներառական կրթության ասպարեզներում, լիահույս ենք, որ այսուհետ առավել կխորացնենք մեր գործընկերությունը կրթության ոլորտի հետագա զարգացմանը միտված ձեր նախաձեռնությունների շրջանակում»,-ավելացրել է ԱՄՆ դեսպանը:

Placeholder
Կրթությունը հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ու տարածաշրջանի զարգացման հիմնաքար. նախարար