Արմեն Մինասյան. Լավրովն ու Նալբանդյանը թաղեցին Բաքվի երազանքը
Քաղաքական
14:30 22/04/2016
Հայաստան

Արմեն Մինասյան. Լավրովն ու Նալբանդյանը թաղեցին Բաքվի երազանքը

Այսօր Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հնչեցրած գնահատականներից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը ռազմականից բացի ձախողվել է նաև դիվանագիտական ճակատում: Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Արմեն Մինասյանը:

«Ակնհայտ է, որ ապրիլի սկզբին շփման գծում աննախադեպ էսկալացիա նախաձեռնելով Բաքուն հետապնդում էր մեկ նպատակ՝ առոչինչ դարձնել 1994 թվականին ստորագրված եռակողմ հրադադարի պայմանագիրը: Բաքվի գործողությունների տրամաբանությունը հետևյալն էր. օգտագործելով հանկարծակիության գործոնը՝ հակամարտության գոտում հասնել շփման գծի էական փոփոխությունների, ըստ այդմ ստեղծել նոր իրավիճակ, որը պետք է իր նկարագրությունն ու ամրագրումն ունենա ենթադրյալ նոր փաստաթղթում: Նպատակը մեկն էր լինելու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը դուրս թողնել ենթադրյալ համաձայնությունից, դրանով իսկ փոխել հակամարտության բովանդակությունը, ինչն էլ կօգտագործվեր հետագա քաղաքական գործընթացում առավելություն ստանալու համար»,- նշեց քաղաքագետն՝ ընդգծելով, որ երևանյան բանակցություններին հետևած հայտարարությունները հուշում են, որ Բաքվի այդ ցանկությունը տապալվել է:

«Ռազմաճակատում ձախողումից հետո թեև Բաքուն կորցրել էր նպատակին հասնելու հնարավորությունների մեծ մասը, սակայն մտավախություն կար, որ միջազգային հանրության խիստ զբաղվածության և Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության կորստի պայմաններում Ադրբեջանին կհաջողվի խնդիրը լուծել դիվանագիտական ճակատում: Այսօր նախարարներ Լավրովի և Նալբանդյանի հայտարարություններից այլևս պարզ է, որ Ադրբեջանը մնացել է ձեռնունայն. հայկական կողմերից բացի, միջնորդները ևս հակված չեն առոչինչ դարձնել գործող հրադադարի պայմանագիրը»,- ասաց քաղաքագետը և նկատեց, որ տեղի ունեցածը չի նշանակում, որ «Ադրբեջանը կդադարեցնի այս ուղղությամբ գործողությունները, սակայն ակնհայտ է, որ գոնե այս պահին ոչ Հայաստանը, ոչ Լեռնային Ղարաբաղը և ոչ էլ միջնորդները մտադիր չեն տեղի տալ Բաքվի շանտաժին»:

Placeholder
Արմեն Մինասյան. Լավրովն ու Նալբանդյանը թաղեցին Բաքվի երազանքը