Ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել. Սեյրան Օհանյան
Քաղաքական
14:56 24/04/2016
Հայաստան

Ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել. Սեյրան Օհանյան

«Այսօր ես կարող եմ ասել, որ այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել»,-Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է բանակի դիրքորոշումը տարածքներ հանձնելու վերաբերյալ խոսակցություններին:

«Այս իրավիճակում մենք միայն պետք է ամեն ինչ անենք վստահության եզրեր գտնենք, մթնոլորտ ստեղծենք և փոխհամաձայնություններ լինեն: Այդ փոխհամաձայնությունների շրջանակներում կարող է համապատասխան ելք ստանալ Արցախյան հարցի լուծումը՝ միայն ու միայն խաղաղ ճանապարհով: Երկխոսություն է պետք, եթե այդ երկխոսությունը չկա, ինչի՞ մասին խոսք կարող է լինել ապագայում»,- նշեց պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այսօր քաղաքական ամբողջ ներուժն աշխատում է այդ ուղղությամբ:

«Իսկ անձամբ իմ տեսակետը միշտ եղել է այն, որ Արցախը` որպես հակամարտության կողմ, պետք է մասնակցի բանակցություններին: Արցախը պետք է բանակցությունների անմիջական մասնակից լինի, հակառակ դեպքում հարցի լուծման վերջնական փուլում մենք պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ նորից զրոյից սկսենք»,-ընդգծեց նախարարը:

Placeholder
Ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել. Սեյրան Օհանյան