Թուրքիայում կան մարդիկ, ովքեր այժմվա իրենց հարստությունը դիզել են հայերից խլված ունեցվածքով. Թուրք գործիչ
Քաղաքական
09:32 24/04/2016

Թուրքիայում կան մարդիկ, ովքեր այժմվա իրենց հարստությունը դիզել են հայերից խլված ունեցվածքով. Թուրք գործիչ

Թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ, ակտիվիստ Սեյիթ Չեթինօղլուն Հայաստան եկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակներում:

Նա կարծում է, որ այն ինչ կատարվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, ամոթ է Թուրքիայի համար և պետք է ազատվել այդ ամոթից:

«Տասնյակ հազարավոր հայ կանայք ու երեխաներ շատ բնակավայրերում վաճառվեցին, նրանց մահմեդականացրեցին և նրանց հոգիները գողացան: Սա մի իրավիճակ է, որը մեզ ամաչեցնում է, մենք պետք է ազատվենք այդ ամոթից», -ֆորումի շրջանակներում ճեպազրույցում հայտարարեց նա:

Նա հիշեց իր ընկերոջ` հայազգի գրող Սևան Նիշանյանի մասին և ասաց, որ նրա վիճակը չի տարբերվում 1914-ի ապրիլի 24-ին անհայտ տեղ տարված, տեղահանված հայ մտավորականների վիճակից:

«Ես անհանգստանում եմ իմ ընկերոջ կյանքի համար»,-նշեց նա:

Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում պատգամավոր Գարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարանում կատարած ակցիային, թուրք գործիչը գնահատեց այդ արարքը ու նկատեց.

«Ես արդարության կողմնակից եմ, երեկ խոսվեց Թուրքիայի խորհրդարանում սպանված հայ մտավորակնների մասին, բայց միաժամանակ մենք գիտենք, որ այդ շենքը` Թուրքիայի խորհրդարանը  կառուցված է Խորանյան անունով հայի ունեցվածքի տարածքի վրա, վարչապետի նստավայրը նույնպես հայկական գույք է: Մենք այսօր խոսում ենք մի իրավիճակից, երբ կան մարդիկ, ովքեր այժմվա իրենց ունեցվածքը, հարստությունը դիզել են հայերից խլված ունեցվածքով: Կարծում եմ, որ դրա դեմ պայքարելը դրա մասին խոսելը մարդկության պարտքն է»:

Placeholder