Մշակութային եղեռն
Հասարակություն
08:18 24/04/2016
Հայաստան

Մշակութային եղեռն

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները` ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ,  այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9-ի Կոնվեցիայի մեջ:

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «...Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ էր ստեղծել, որոնք զբաղվում էին լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով էին վաճառվում... Ես մի անգամ գնացի եկեղեցի տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ էին: Գիտական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար»:

Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության, Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում, քանզի այդ հուշարձանները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

Թուրքիայում 1920-ական թթ.-ից սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրավորված ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:

Հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:

Ներկայացված են հայ միջնադարյան հուշարձաններ` ավերված Հայոց ցեղասպանության տարիներին և հաջորդող ժամանակաշրջանում.

Հոռոմոսի վանք, 10-11րդ դարեր

Հոռոմոսի վանքը մինչև 1965թ. և 1998թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)  

Անիի Ս. Փրկիչ եկեղեցի , 11-րդ դար   

Հուշարձանը 1910-ական թթ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի

Բագնայրի վանք, 11-13րդ դարեր, գուղ Բագնայր (Ղոզլուջա)

Հուշարձանը մինչև 1960-ական թթ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

Խծկոնքի վանք, 11-13րդ դարեր 

 Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին և 1966թ.` պայթեցումից հետո 

Տեկորի տաճար, 5-րդ դար 

 Հուշարձանը մինչեւ 1912թ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Բագրևանդի Ս. Հովհաննես եկեղեցի, 613-619թթ.

Հուշարձանը մինչ և 1966թ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք

1913թ. և 1980թ. (լուսանկարը` Ա Հախնազարյանի)

 Մուշ, Ս. Առաքելոց վանք, 4-15րդ դարեր

1900-ականների սկիզբ և 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Վան, Վարագավանք, 10 -11րդ դարեր

1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

Նյութը, լուսանկարները՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Placeholder
Մշակութային եղեռն