Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանիայում բժիշկների գործադուլի հետևանքով տասնյակ հազարավոր վիրահատություններ են հետաձգվելու
Մեծ Բրիտանիայում 48 ժամյա գործադուլ անցկացնելու մասին են հայտարարել բժշկական հաստատությունների երիտասարդ աշխատակիցները: Դրա հետևանքով հետաձգվելու են 125 հազար վիրահատություններ ու ընդունելություն: Այս մասին գրում է բրիտանական մամուլը:
Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամ բուժաշխատողները հայտարարել են, որ ապրիլի 26-ին և 27-ին իրականացնելու են գործադուլ: 48 ժամվա ընթացքում նրանք հիվանդներին ոչ կընդունեն, ոչ էլ բժշկական օգնություն կցուցաբերեն: Հիվանդանոցներում նրանց կփոխարինեն ավագ գործընկերները:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը կոչ է արել երիտասարդ բժիշկներին վերանայել իրենց որոշումը, քանի որ գործադուլը կարող է վտանգավոր լինել հիվանդների առողջության համար:
«Ես կոչ եմ անում առաջին տեղում դնել հիվանդներին»,-ասել է նախարարն ու զգուշացրել, որ գործադուլը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ:
Գործադուլի հիմնական պատճառը երիտասարդ բժիշկների անհամաձայնությունն է աշխատավարձերի վճարման գործող կարգի վերաբերյալ: