Ահաբեկչության վարկածը լիովին հերքվել է. գլխավոր դատախազություն  (լրացված)
Իրավունք
14:30 26/04/2016
Հայաստան

Ահաբեկչության վարկածը լիովին հերքվել է. գլխավոր դատախազություն (լրացված)

Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի ահաբեկչության վարկածը լիովին հերքվել է: Միջադեպի պատճառները կենցաղային են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, երեկ ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն:  Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքներ են իրականացվում:

Ավելի ուշ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված է. «Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը: Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է:

Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝  բոլոր վարկածների լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել  գործողությունների ընթացքի  վերաբերյալ: Այս պահին արդեն իսկ ամբողջությամբ հերքվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում  63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի՝ ահաբեկչական գործողություն լինելու վարկածը»:

Placeholder
Ահաբեկչության վարկածը լիովին հերքվել է. գլխավոր դատախազություն (լրացված)