ՀՀ ԱՆ. Տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն
Առողջություն
10:21 26/04/2016

ՀՀ ԱՆ. Տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է  ստանում յոթ  քաղաքացի, որոնցից մեկն այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն:  62-ամյա կնոջ պնդմամբ`  նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ  ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության  վատացման  պատճառով դիմել է շտապօգնության ծառայության և  տեղափոխվել  բժշկական հաստատություն: Նրա ինքնության  մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Առավոտյան ժամը 10-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը  գնահատվում է կայուն:  Տուժածների բուժօգնությունը համակարգում է  անմիջապես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով պատահարից րոպեներ անց տեղում կազմակերպել է բոլոր աշխատանքները, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները:

Հանրապետության  գլխավոր և առաջատար  մասնագետների ներգրավվածությամբ  նախարարը տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով պարբերաբար հրավիրվել է բժշկական կոնսիլիումներ:

Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ:

Վիրահատական բարդ միջամտության արդյունքում  բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը  դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական  և պլաստիկ  կրկնակի վիրահատություններ: 

Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և  բժշկական միջամտությունները,  նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո: 

Տուժածներից մեկը` 37-ամյա հղի կին է, որի կյանքին և  պտղին  վտանգ չի սպառնում: Նրան հսկում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Հիվանդներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Placeholder
ՀՀ ԱՆ. Տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն