Պայթած ավտոբուսը պատկանել է «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ին. Հենրիկ Նավասարդյան
Իրավունք
11:47 26/04/2016

Պայթած ավտոբուսը պատկանել է «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ին. Հենրիկ Նավասարդյան

Երևանի Նոր Նորք վարչական շրջանից Աջափնյակ վարչական շրջան երթուղին սպասարկող 63 համարի ավտոբուսը, որի մեջ ապրիլի 25-ին գիշերը պայթյուն էր տեղի ունեցել, պատկանում է «ՏԿ Քինգ Դելյուքսե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Սա այն կազմակերպությունը չէ, որի մասին գրում են լրատվամիջոցներում: Սա տարբերվում է այն ընկերությունից, որի մասին խոսում են: Դրանք տարբեր ՍՊԸ-ներ են», -ասաց Նավասարդյանը:

Նա չբացառեց, որ այդ ընկերությունը պատկանում է 2015-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչ մականունով:

«Հնարավոր է իր հարազատներից մեկի անունով է գրանցել: Նա ինքն էլ չի հերքել, որ կապ ունի այդ ընկերության հետ», -ասաց Նավասարդյանը:

Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ այդ ընկերությունը սնանկ է ճանաչվել, պաշտոնյան պատասխանեց. «Ըստ երևույթին խոսքը «Քինգ Դելյուքս» ընկերության մասին է, քանի որ ես այս ընկերության սնանկ լինելու մասին պաշտոնական տեղեկություն չեմ ստացել»:

Ապրիլի 25-ին գիշերը 63 համարի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էր 2 մարդ, 8-ը վիրավորվել: Վիրավորներից մեկը առաջին բուժօգնություն էր ստացել և դուրս գրվել հիվանդանոցից, իսկ մյուսները դեռ հիվանդանոցներում են:

Պայթյունի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ), որը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Placeholder