Դավիթ Բաբայան. Բանակցությունները պետք է սկսենք գրեթե զրոյից
Քաղաքական
15:19 27/04/2016
ԼՂՀ

Դավիթ Բաբայան. Բանակցությունները պետք է սկսենք գրեթե զրոյից

Այս պահին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում համեմատաբար անդորր է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Երեկ գիշեր, այսօր առավոտյան հակառակորդը շարունակել էր խոցել շրջկենտրոն Մարտակերտը  և սահմանի որոշ հատվածներ: Կան թեթևակի ավերավածություններ: Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ահաբեկիչների հետ, որովհետև այն, ինչ անում է Ադրբեջանը, ահաբեկչություն է»,-ասաց Դ. Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այն լուրերին, թե հայկական զինված ուժերը ազատագրել են քառօրյա պատերազմից հետո ադրբեջանցիների հսկողության տակ մնացած դիրքերը:

«Եթե ԼՂՀ ՊՆ-ից որևէ պաշտոնական տեղեկություն չկա, ուրմեն չկա: Իրենք պետք է հայտարարեն, եթե չեն հայտարարում, ուրեմն որևէ փոփոխություն չկա»,-ասաց նա:

Արցախի նախագահի խոսնակի գնահատմամաբ, վերջին իրադարձություններն էլ վկայում են, որ Ալիևի վարչակարգն իր հանցավոր քայլերով բանակցությունները մտցրել են փակուղի:

«Մենք պետք է սկսենք գրեթե զրոյից: Ամենաառաջնային հիմքից, նախկինում անտեսված բանը հիմա դարձել է հրամայական: Պետք է փորձել ինչ-որ մեխանիզմներ իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, որը թույլ կտա նաև ֆիքսել խախումները, պահը, վայրը և խախտում կատարող կողմին: Սա պետք է ներդնել, սա պետք է լինի կարևորագույն քայլերից առաջինը»,-ասաց նա:

Բաբայանը հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են, որ պատրաստ են աջակցել միջազգային հանրությանը:

«Հիմա պետք է միջնորդները նոր լիցք հաղորդեն իրականացվող ջանքերին: Սա դարձել է կարևորագույն խնդիր: Եթե մի կողմ հրաժարվում է, ապա ինքն էլ պատասխանատու է: Դրա համար էլ  պետք է կանչեն պատասխանատվության»,-ասաց նա:

Placeholder
Դավիթ Բաբայան. Բանակցությունները պետք է սկսենք գրեթե զրոյից