ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցության արդյունքում իրական օգուտներ կլինեն. գիտաշխատող
ՏՀՏ-ն Հայաստանում
16:23 28/04/2016
Հայաստան

ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցության արդյունքում իրական օգուտներ կլինեն. գիտաշխատող

Ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողով, որի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝  ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ:

Panorama.am-ը  զրուցել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» խորագրովգիտաժողովի նախաձեռնող, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող  Սերգեյ Աբրահամյանի հետ:  

-Ինչո՞ւ և ինչ նպատակներով եք նախաձեռնել այս միջոցառումը: Ի՞նչ նկատի ունենք գիտություն և ՏՏ ոլորտի մերձեցում ասելով:

-Հայաստանում գիտությունը թերֆինանսավորման արդյունքում հայտնվել  է ոչ այդքան բարենպաստ վիճակում։ Իսկ գիտության ֆինանսավորման աղբյուրներից մեկը դա ինդուստրիայից ստացվող գումարներն են։ Ինդուստրիայից գումարներ կարելի է ներգրավել միայն փոխշահավետ համագործակցության դեպքում, երբ ինդուստրիան կտեսնի այդ համագործակցությունից իրական օգուտ։ Գիտաժողովի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ, որը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնելու իրենց կողմից իրականացվող և կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները, ՏՏ ոլորտի ինդուստրիայի և պետական կառույցների ներկայացուցիչներին ներկայացնել իրենց գործունեությանը առնչվող գիտական բաց խնդիրները, ինչպես նաև ոլորտի բարձր կուրսերի ուսանողներին ծանոթանալու  Հայաստանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք գիտաժողովի իրականացման գործընթացից:

-Ակնկալում ենք, որ գիտաժողովի արդյունքում ՏՏ ոլորտի ինդուստրիայի և ՏՏ ոլորտի գիտական կառույցների միջև կավելանան փոխհամագործակցությունը և իրականացվող համատեղ նախագծերի քանակը, բարձր կուրսի ուսանողների համար կստեղծվի հարմարավետ միջավայր՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար, ինչպես նաև արդյունաբերության ներկայացուցիչների համար դյուրին կդառնա գիտելիքահենք նախագծերի իրականացումը:

-Պարոն Աբրահամյան, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր Հայաստանում, և արդյոք նման գիտաժողովները կկարողանան նպաստել այդ խնդիրների լուծմանը: 

-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի տնտեսության և գիտական կառույցների միջև ի հայտ եկավ մեծ անջրպետ, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ հանգամանքներով։ Նման գիտաժողովները  կնպաստեն գիտության և ինդուստրիայի միջև առկա անջրպետների վերացմանը, ինչը կունենա մի շարք օգտակար հետևանքներ։

-Այսօր շատ ակտուալ թեմա է տեղեկատվության անվտանգությունը. ինչ լուծումներ եք դուք առաջարկում:

Մենք տեղեկատվության անվտանգության ոլորտում լուծումներ չենք առաջարկում, բայց մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ հանդիպելու են տեղեկատվության անվտանգության ոլորտի գիտաշխատողներն ու արդյունաբերության ներկայացուցիչները, և քննարկեն առկա բաց խնդիրները, ինչը, բնականաբար, կհանգեցնի  այդ խնդիրների համար նոր լուծումների։

Նշենք, որ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (խորագրով գիտաժողով  կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը՝ ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ԵԳԱԾ, ՀԵՀ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ։

Placeholder