Մարինա Գրիգորյան. Միջազգային կառույցները պետք է հատուկ խմբեր ուղարկեն տարածաշրջան
Քաղաքական
14:06 29/04/2016
Հայաստան

Մարինա Գրիգորյան. Միջազգային կառույցները պետք է հատուկ խմբեր ուղարկեն տարածաշրջան

25 տարի անց Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել: Այսօր էլ ադրբեջանցիները ավերում են հայկական գյուղերը, սպանում խաղաղ բնակիչներին, վնասում քաղաքացիական կառույցները:

«Սովորական Ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, նաև փաստեր ներկայացրեց, թե ինչպես 25 տարի առաջ ապրիլի 10-ին Գետաշենում ադրբեջանցիները դպրոց գնալու ճանապարհին գնդակահարեցին 10-ամյա տղայի՝ Արամայիս Սահակյանին: Նրա՝ սպանության  մասին փաստաթուղթը ստորագրվել է նաև ռուսական զորքերի ներկայացուցիչների կողմից:

«25 տարի անց Մարտունիի շրջանում նույն կերպ ադրբեջանցիների կողմից սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը: Այստեղ երևի հիշեցում կա մեզ ուղղված»,-ասաց Մ. Գրիգորյանը:

Նա հիշեցրեց «Կոլցո» օպերացիայի մասին, որի ընթացքում ամենադաժան ձևերով սպանվեցին ծեր մարդիկ, կանայք, այդ թվում հղի:

«10 հազարից ավելի մարդ իրենց տներից դուրս են հանվել ու տեղահանվել»,-ասաց Մ. Գրիգորյանը:

Մ. Գրիգորյանը շեշտեց, անհրաժեշտ է ՄԱԿ-ի ու այլ կառույցների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի վրա:

«Միգուցե ուղարկվեն հատուկ խմբեր, որոնք կուսումնասիրեն իրավիճակը, հետևություններ կանեն: Բոլոր ապացույցները կան Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական հանցագործությունների մասին: Եթե 1991-ին, երբ Հայաստանը անկախ պետություն չէր, մենք կարողացանք այդքան իրավապաշտպան խմբեր բերել տարածաշրջան և ցույց տալ, թե ինչ է կատարվում: Այսօր, երբ մենք ունենք անկախ պետություն, մենք պետք է դա անենք ավելի ուժեղ կերպով»,-ասաց Մ. Գրիգորյանը:

Մ. Գրիգորյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Մարինա Գրիգորյան. Միջազգային կառույցները պետք է հատուկ խմբեր ուղարկեն տարածաշրջան