Պիպոյան. Նախ պետք է գնահատել թուրքական ապրանքների մրցունակությունը
Տնտեսություն
12:17 03/05/2016

Պիպոյան. Նախ պետք է գնահատել թուրքական ապրանքների մրցունակությունը

Հայ սպառողը չի կարողանում իրական վերաբերմունք ցուցաբերել թուրքական ապրանքների նկատմամբ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքներից հրաժարվելու վերաբերյալ հարցին:

«Փորձ է արվում թուրքականը կոծկել: Այսինքն թուրքական ապրանքը դառնում է մրցունակ, քանի որ  շատ դեպքերում այն շուկայում իրացվում է որպես տեղական կամ էլ այլ երկրի արտադրության»,-ասաց նա:

Այս իրավիճակում, Պիպոյանի կարծիքով, առաջին հերթին պետք է խիստ վերհսկողություն իրականացվի, ինչը հնարավորություն կտա սպառողին մոլորությունից առավելագույն պաշտպանել: Վերահսկողության արդյունքում միայն կարելի է օբյեկտիվ չափել թուրքական ապրանքների սպառման ծավալներն ու մրցունակությունը, ինչպես նաև իրականացնել այլընտրանքային աղբյուրների որոնում:

«Օրինակ, եթե թուրքական անձեռոցիկը վերապիտակավորվում է, և շատերն այն ձեռք են բերում որպես հայկական արտադրանք, ապա պետք է նախ և առաջ հասկանալ, եթե այն ներկայացվի որպես թուրքական, սպառողը կգնի՞, թե՞ ոչ: Չի բացառվում, որ սպառողի չգնելով թուրքական տվյալ ապրանքը շուկայիս դուրս կմղվի: Քանի դեռ մենք չգիտենք ինչքան ինչ է պետք, մենք չենք կարող ոչինչ որոնել, խնդիրը հակառակ հերթականությամբ չպետք է լուծել»,-ասաց ՀԿ նախագահը:

Սպառողների իրավունքների պաշտպանը կողմ է, որ օրենսդրական փոփոխություններով խստացվեն ապրանքների մակնշման վերաբերյալ պահանջները: Օրինակ, եթե խմորեղենի արտադրության ժամանակ օգտագործվել է թուրքական կարագ կամ այլ հումք, ապա դրա մասին պետք է սպառողը տեղեկացվի:

«Միայն նման քայլերի իրականացումից հետո մենք կկարողանանք հայաստանյան շուկայում թուրքական ապրանքի մրցունակությունը գնահատել, իսկ մինչ այդ որևէ իրատեսական քայլ կատարելը ես համարում եմ ոչ ռացիոնալ»,-ասաց Պիպոյանը:

Նա գիտի դեպք, երբ քաղաքացին օն-լայն գնել է չեխական ֆիրմայի էլեկտրական սրճեփ, հետո իմանալով, որ այն թուրքական արտադրության է, վերադարձրել է: Ասում է՝ իր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր պատրաստ են ավելի թանկ վճարել տեղական ապրանքը գնելու համար:

«Անձամբ ճանաչում եմ մարդկանց, ովքեր լոլիկը գնելուց առաջ նախ հավաստիանում են, որ այն թուրքական չէ»,-ասաց նա, ավելացնելով, որ այս պահին պետք է տարանջատել շուկան:

Նա նկատեց, եթե թուրքական պարանքները շուկայում ներկայացվում են տեղական, ապա դա նշանակում է, որ թուրքական լինը այդ ապրանքի վաճառքի համար լուրջ խոչընդոտ է:


 

Placeholder
Պիպոյան. Նախ պետք է գնահատել թուրքական ապրանքների մրցունակությունը