Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի գնային կայուն առաջարկին
Տնտեսություն
18:47 04/05/2016
Հայաստան

Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի գնային կայուն առաջարկին

Թուրքիայից գյուղմթերքի ներկրման հնարավոր արգելքը էական նշանակություն չի ունենա շուկայի վրա: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ տարեցտարի Թուրքիայից պտուղ-բանջարեղենի ներմուծման ծավալները զգալիորեն կրճատվում են ի հաշիվ ջերմոցատների մակերեսի ու բերքատվության ավելացման:

«Առկա ցուցանիշները հուշում են, որ մենք այսօր զգալի քանակությամբ լոլիկի ու վարունգի արտահանման հնարավորություն ունենք»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, եթե նախկինում ջերմացոտներում մեկ քմ մակերեսից ստացվում էր 22-25 կգ բերք, ապա այսօր ստացվում է 40-45 կգ և նույնիսկ ավելի բերք:

«Ես առավել քան համոզված եմ, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում մեր ներքին սպառման պահանջարկը  ձմռան մի քանի ամիսների ընթացքում 100 տոկոսով կապահովի տեղական արտադրանքը: Իսկ տարվա  մնացած ամիսներին մենք առհասարակ խնդիրներ չենք ունեցել»,-ասաց փոխնախարարը, նշելով, որ խոսքը չի վերաբերում ցիտրուսային մրգերին:

Փոխնախարարն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարիների,  այս գարնան ընթացքում Թուրքիայից վաղահաս կարտոֆիլ չի ներմուծվել:

«Նախորդ տարիներին վաղ գարնանը ներմուծվում էր թուրքական վաղահաս կարտոֆիլ, ինչի հետևանքով տեղի էր ունենում գների կտրուկ անկում: Գյուղացիական տնտեսությունները բավականին լուրջ խնդիրների առաջ էին կանգնում»,-ասաց փոխնախարարը:

Գ. Պետրոսյանը կարծում է, որ թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքի առկայությունը հնարավորություն կտա, որ տեղական արտադրանքը շուկայում ունենա ավելի կայուն պահանջարկ ու գնային առաջարկ:

Պաշտոնյայի խոսքով, թուրքական թունաքիմիկատների, սերմացուի  ներկրման արգելքը ևս այդ շուկաների վրա որևէ բացասական ազդեցություն ունենալ չի կարող:

Շարունակությունը՝ Panorama.am-ի տեսանյութում:

Placeholder
Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի գնային կայուն առաջարկին