Ռուբեն Բաբայան. Չպետք է մշտապես հույսը դնել հայրենասիրության վրա
Հասարակություն
12:36 10/05/2016
Հայաստան

Ռուբեն Բաբայան. Չպետք է մշտապես հույսը դնել հայրենասիրության վրա

«Մենք երկիրն ամրապնդում ենք, երբ որ առաջնորդվում ենք հավերժական հայրենիք ունենալու սկզբունքով: Հանուն նման հայրենիք ունենալու համար պետք է զարգացնենք մեր հայրենիքը համալիր՝ տնտեսություն, մշակույթ, գիտություն, բանակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա համոզված է, որ հայ ժողովուրդն ունի ունակություններ այդ զարգացումն ապահովելու համար, ուղղակի անհրաժեշտ են ստեղծել համապատասխան պայմաններ:

«Ապրիլյան առաջին օրերին ժողովուրդը համախմբվեց առանց կոչերի: Ամեն մեկը հասկացավ, թե ինչով պետք է զբաղվի: Դասալքության ոչ մի օրինակ չեղավ, երիտասարդ տղաները, ովքեր առաջին անգամ էին հանդիպում թշնամուն, ովքեր կամավորներ չէին, այլ զորակոչվել էին, որևէ մեկը չլքեց դիրքերը»,- ասաց արվեստագետը:

Ռ. Բաբայանի համոզմամբ, չպետք է մշտապես հույսը դնել հայրենասիրության վրա, պետք է համակարգը փոխել:

«Լավ բան է հայրենասիրությունը, այդ տղաները մոր կաթի հետ են ստացել այդ հայրենասիրությունը միայն այն բանի պատճառով, որ ծնվել են անկախ Հայաստանում: Այսօր նրանք ավելի անկախ են, հայրենասեր, քան մենք: Մեր սերնդի մարդիկ պետք է  փորձեն արժանի լինել այդ տղաներին, փոխանցել գիտելիք, փորձ: Երբեք չպետք է փորձենք մեր վախերը տալ երիտասարդներին»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով, այսօր ամենակարևորն այն է, թե ինչ երկիր է ուզում կառուցել ժողովուրդը:

«Մենք մեր գաղափարների տկարությունը ջարդում ենք ժողովրդի վրա, ասում ենք՝ չեն մարսում: Դրանք անհետաքրքիր, մաշված գաղափարներ են, կոչված են՝ յոլա տանել կյանքը»,- նշեց Ռ.Բաբայանը:
 

Placeholder