ԿԳ նախարարը՝ տարկետման իրավունքի մասին
Քաղաքական
15:00 11/05/2016
Հայաստան

ԿԳ նախարարը՝ տարկետման իրավունքի մասին

«Պատկերացրեք կուրսում կա 20 երիտասարդ: Նրանցից 16-ը զորակոչվում է, 4-ը՝ ոչ, որովհետև քննության ժամանակ կես միավորի տարբերություն կա: Իմ կարծիքով,  այստեղ բացի մնացյալ բոլոր խնդիրներից,  կա նաև արդարության սկզբունքը:  Մենք պետք է  կարողանանք նաև արմատապես  լուծել կրթության որակի խնդիրը»,- լրագրողների հետ զրույցում, խոսելով տարկետման իրավունքի վերացման մասնին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ըստ նախարարի, տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ ուսանողներն առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվեն:

«Ուսանողության բացարձակ մեծամասնությունն հիմա արդեն  զորակոչվում է: Այս սկզբունքն արդեն կիրառվում է: Դրա համար եթե խնդիրը լուծենք բակալավրիական մակարդակի վրա, ինքնաբերաբար կլուծվի նաև մագիստրանտական, ասպիրանտական խնդիրը: Արդեն կունենանք համակարգ, որը հնարավորություն կտա կրթության և գիտության նախարարությանը լուծել մեկ այլ հարց. մենք այսօր չենք կարողանում անվճար համակարգը պետական քաղաքականությամբ հստակ տնօրինել, որովհետև կապված է տարկետման հետ: Եթե մենք կարողանանք իրարից անջատել երեք համակարգ՝ ընդունելության քննություններ, անվճար, տարկետում, այդ ժամանակ մենք անվճար համակարգի մեջ կդնենք կարևոր մի կոմպոնենտ՝ սոցիալական, և կկարողանանք անվճար համակարգը տեղափոխել նաև բուհեր, այսինքն ընդունելության քննության անվճար, վճարովի համակարգերը կփոփոխենք, բուհերը կորոշեն պետական պատվերն ինչպես տեղադրել ըստ իրենց սոցիալական խնդրի, այսինքն մոտ 60-70 տոկոսը կլինի սոցիալական, 30 տոկոսը գիտելք:

Դա ի՞նչ հնարավորություն կտա: Օրինակ երեխան, ով սոցիալապես անապահով է, հնարավորություն չունի մասնավոր պարապել, նախօրոք ձեռք բերել թեստերը, նա իր դպրոցական գիտելիքով ստանում է 13-15 միավոր, իսկ այդքան միավորով ինքը երբեք հույս չունի, որ անվճար կանցնի: Եթե գա ԲՈՒՀ, հնարավորություն կունենա իբրև սոցիալապես անապահով շերտ, ստանալ անվճար կրթություն: Երբ տարանջատում ենք, կրթության համակարգում  իսկապես կարող է լուրջ փոփոխությունների սկիզբ դառնալ»,- մանրամասնեց Լևոն Մկրտչյանը:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է տարկետման իրավունքը վերացնելով՝ վնաս հասցնել գիտությանը, նախարարն ասաց, որ բնական գիտություններում կան ուղղություններ, որտեղ գիտնականը միշտ պետք է զբաղվի գիտությամբ, որպեսզի իր որակը պահի. «Բայց լուծվող խնդիր է, պետք է ձևերը գտնել, որ ուսանողները զորակոչվելուց հետո էլ իրենց գիտելիքները զարգացնեն: Որոշակի մասնագիտություններով հնարավոր են ինչպես բացառություններ, այնպես էլ երիտասարդը զորակոչվելուց հետո հնարավորություն ունենա շարունակել  գիտելիքներ ձեռք բերել հենց բանակում»:

Placeholder
ԿԳ նախարարը՝ տարկետման իրավունքի մասին