Առողջապահության նախարարը՝  վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու մասին
Առողջություն
15:16 12/05/2016
Հայաստան

Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու մասին

Առողջապահության նախարարությունում երեկ մինչև ուշ գիշեր, «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող երկու վիրավոր զինծառայողների ծնողների հետ քննարկել են  նրանց բուժման նպատակով արտերկիր  տեղափոխելու հարցը:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ասաց, որ վերջին օրերին գրեթե ամեն օր զինծառայողների ծնողների հետ հանդիպում է ունենում, երեկ մինչև ուշ գիշեր Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի ծնողների հետ հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել է հարցը՝ արդյոք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման, արդյոք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները:

«Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և ծնողներից, և հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել: Իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները պնդում են, այնուամենայնիվ հասկանալով, որ Հայաստանում այդ հնարավորությունը կա, և կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանում անհնարին է բուժման այս կամ այն տեխնոլոգիան կամ մասնագետի առկայությունը, ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել: Եվ մեր աշխատանքն այստեղ կլինի այդ ամբողջ գործընթացն ապահովելը, լոգիստիկ մեթոդաբանությունն ամբողջությամբ վերցնել մեզ վրա: Մենք պարտավորվածություն ենք զգում ծնողների առջև և այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ»,- նշեց Արմեն Մուրադյանը՝  հավելելով, որ աշխատանքները կկազմակերպվեն նաև բարերարների հետ՝ հաշվի առնելով, որ զինվորների տեղափոխությունը կապված է ծախսերի հետ:

Այդուհանդերձ, այսօր խնդիրը հետևյալն է ՝ արդյոք զինվորներին կարող են արտերկիր տեղափոխել: Արմեն Մուրադյանի խոսքերով՝ երկու վիրավորները թթվածնից կախվածություն ունեն, Արմանի ջերմությունը երեկ եղել է 38 աստիճան, պառկելախոց ունի, Ռուբենն էլ «սպինալ շոկի» փուլում է, և վտանգները դեռևս բարձր են, ռիսկերը բացատրվել են ծնողներին:

«Ամեն դեպքում, ծնողի և զինծառայողի իրավունքն է՝ իր բուժումը շարունակել Հայաստանում կամ արտերկրում, և մենք այդ ընթացքում տղաների կողքին են լինելու»,- ասաց նախարարը:

Արմեն Մուրադյանի խոսքերով՝  զինվորների ծնողները ցանկանում են տղաներին տեղափոխել Համբուրգի կլինիկա, երեկ ծնողների ներկայությամբ անձամբ խոսել է իրենց իսկ ընտրած բժիշկի հետ:

Հարցին, թե հաշվի առնելով զինվորների առողջական վիճակը՝ տեղափոխության ժամանակ լուրջ խնդիրների առաջ չեն կանգնի, Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլոր այդ ռիսկերը մանրակրկիտ, շատ մեղմ, բայց սթափ ներկայացվել է ծնողներին:

«Մենք չենք կարող ուղղակի ասել՝ եթե ուզում եք, ապա տեղափոխեք: Մանրակրկիտ ներկայացվել է տեղափոխման հետ կապված ինչպիսի վտանգներ կան՝ անգամ սենյակից սենյակ տեղափոխման ժամանակ: Եթե պետք է ինքնաթիռով տեղափոխեն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր քայլը պետք է նախապատրաստվի:

Մասնավորապես, տրանզիտ օդանավակայանում պետք է լինեն համապատասխան    ծառայությունները: Նաև առաջակություն ենք արել, որ այն բժիշկը, որը ստանձնել է այդ պատասխանատվությունը և պատրաստ է ընդունելու զինծառայողին, ապա նրան հրավիրենք Հայաստան, այլ ոչ թե պատգարակով մեր երեխային տանենք այնտեղ: Այստեղ կարող ենք իր կարծիքը լսել, քննարկել մեր մասնագետների հետ»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Նա ասաց նաև, որ ծնողները կշարունակեն բանակցությունները   արտերկրի կլինիկաների հետ և իրենք պարտավորվել են ամեն հարցում աջակցել նրանց:
 

Placeholder
Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու մասին