ԵՄ-ն Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարելու համար 15 մլն եվրոն կտրամադրի պայմանով
Քաղաքական
15:17 13/05/2016

ԵՄ-ն Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարելու համար 15 մլն եվրոն կտրամադրի պայմանով

Այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Կառավարություն -քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանին տրամադրելու է 15 մլն եվրո, եթե կոնկրետ արդյունքներ ապահովվեն:

«Ունենք 15 միլիոն եվրո հատկացված գումար Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով տրամադրելու համար: Երբ ասում եմ՝ կա, նկատի ունեմ, որ հատկացված է, բաշխված չէ: Ծախսված չէ, որովհետև մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Մեզ պետք են կոնկրետ արդյունքներ և եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի ծախսվի, չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,- համաժողովում հայտարարեց Սվիտալսիկին:

Նրա կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ազգային միասնության խնդիր, պետք է դառնա առաջնահերթություն:

«Կարող ենք հիշել վարչապետի վերջին հայտարարությունը, որով նա դժգոհություն հայտնեց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից: Կարծում եմ, որ այս հարցը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի: Սա ազգային անվտանգության հարց է Հայաստանի համար, կոռուպցիան թուլացնում է Հայաստանը: Այս տեսակետից, կարծում եմ, որ կարող ենք ականատես լինել տեսանելի փոփոխությունների», - ասաց ԵՄ ներկայացուցիչը՝ դրական համարելով այդ առումով կառավարության ընդունած մի շարք փաստաթղթեր:

Նա նաև ասաց, որ իր կարծիքով, Հայաստանի հասարակությունը կոռուպցիայի դեմ պայքարում ակնկալում է իրական փաստեր, տեսանելի ապացույցներ:

«Մենք, որպես ԵՄ, աջակցում ենք յուրաքանչյուր ջանքի»,-հավելեց Պյոտր Սվիտալսկին: 
 

Placeholder