Հավայի նահանգը անվտանգության բարձիկներ արտադրող ճապոնական ընկերության դեմ հայց է ներկայացրել
Իրավունք
09:54 14/05/2016
Աշխարհ

Հավայի նահանգը անվտանգության բարձիկներ արտադրող ճապոնական ընկերության դեմ հայց է ներկայացրել

Ամերիկյան Հավայի նահանգը դիմել է դատարան` հայց ներկայացնելով մեքենաների համար նախատեսված անվտանգության բարձիկներ արտադրող Takata Corp. ընկերության դեմ: Նահանգը ընկերությանը մեղադրում է մահացու վտանգավոր թերության մասին չբարձրաձայնելու մեջ և պահանջում տասը հազար դոլար փոխհատուցում տալ նահանգում ավտոմեքենա ունեցող մի բնակչի: Այդ մասին գրում է The New York Times-ը:

Ըստ աղբյուրի, Հավային այդպիսով դարձել է առաջին ամերիկյան նահանգը, որը հայց է ներկայացրել անվտանգության բարձիկներ արտադրող ընկերության դեմ` բողոքելով, որ բարձիկներն ինքնուրույն բացվում են, երբ մեքենան ընթացքի մեջ է:

Հայցն առնչություն ունի նաև Honda Motor ավտոարտադրող ընկերության հետ, քանի որ վերջինը ամենաշատն է բողոքներ ստացել մեքենա ունեցողներից անվտանգության բարձիկների վերաբերյալ:

«Մենք չենք պատրաստվում նստել ու սպասել նոր պատահարների: Նաև հետևողական ենք լինելու, որ սպառողները պատշաճ փոխհատուցում ստանան», -ասել է նահանգի Սպառողների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Սթիվ Լեվինսը:

Ըստ աղբյուրի, առնվազն տասը մարդու մահ կապվում է այդ թերության հետ, իսկ ավելի քան հարյուր մարդ վնասվածքներ ստացել: Նահանգում շուրջ յոթանասուն հազար մեքենա այդ թերության պատճառով հետ է կանչվել:
 

Placeholder
Հավայի նահանգը անվտանգության բարձիկներ արտադրող ճապոնական ընկերության դեմ հայց է ներկայացրել