Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետը այն մասին, թե ինչու տապալվեց Կազանի հանդիպումը
Քաղաքական
15:03 16/05/2016
Տարածաշրջան

Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետը այն մասին, թե ինչու տապալվեց Կազանի հանդիպումը

«Ինչո՞ւ են խաղարար նախաձեռնությունները Լեռնային Ղարաբաղում շարունակաբար տապալվում»: Այս հարցի պատասխանն է փորձել տալ նախկինում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերը, ով Խաղաղության միջազգային ինստիտուտի կայքում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ իր վերլուծությունը:

Ռեմլերը, ով 2007-12թթ զբաղեցրել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի պաշտոնը, իր վերլուծության համար օգտագործել է թե՛ բանակցությունների մասնակիցների հետ հարցազրույցների կամ հանդիպումների ընթացքում ստացված տեղեկատվությունը, թե՛ այլ հանրամատչելի տեղեկություններ, որոնք նախկինում տարբեր տարիների հրապարակվել են այլ հեղինակների կողմից, կամ հանրայնացվել են պաշտոնական հայտարարություններում:

Հեղինակը գրում է պատերազմի տարիներին դիվանագիտության, Մինսկի խմբի ձևավորման և ջանքերի, 1998-2001թթ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և արդեն ծերացող և վատառողջ Հեյդար Ալիևի չորս գաղտնի հանդիպումների, տապալված Քի Վեսթի բանակցություններին հաջորդած գործընթացի և ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումերի և դրանցից խուսափելու պատճառների, 2005-2007թթ Մադրիդյան սկզբունքների վրա աշխատանքի և դրանք՝ Հայաստանին և Ադրբեջանին պաշտոնապես ներկայացվելու և այլ փաստերի հետաքրքիր դրվագներ:

Կազանյան բանակցությունների վերաբերյալ իններորդ գլխում Ռեմլերը գրում է. «[Կազանի] հանդիպումից հետո կողմերը կրկին միմյանց նկատմամբ մեղադրանքներ ներկայացրեցին: Հայաստանի ԱԳ նախարար [Էդվարդ] Նալբանդյանը մեղադրեց ադրբեջանական կողմին արդեն իսկ փակված թեմաները նորից վերաբացելու մեջ: Այս մեղադրանքը կարող է ճշմարտացի լինել, քանի որ այն խաչվում է Մամեդյարովի այն մեղադրանքի հետ, որ իրական խնդիրը հայկական կողմի առավելապաշտությունն է: Ամեն դեպքում, նախկինում ևս Մամեդյարովը նման հայտարարություններ էր անում…»:

Մեկ այլ գլխում հեղինակը գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահ Իգոր Պոպովի նշանակման վերաբերյալ.

«Հավանաբար Պոպովի նշանակման մասին լուրը հայտնվեց հայկական մամուլում 2010 թվականի փետրվարի 23-ին՝ նախքան Ռուսաստանի ԱԳՆ կհասցներ տեղեկացնել Պոպովին իր նոր նշանակման մասին, ով այդ ժամանակ Մոզամբիկում ՌԴ դեսպանն էր: Երբ մամուլը կապնվեց նրա հետ, նրա գրասենյակը պատասխանել էր. «Դեսպանը… ասել է, որ հավանաբար ինչ որ սխալմունք է տեղի ունեցել: Նա որևէ կապ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և զարմացած է այս տեղեկությունից»: Ապրիլին Պոպովը արդեն համակերպվել էր իր ճակատագրի հետ, և համանախագահները միասին այցելեցին տարածաշրջան»:

Զեկույցի մեջ քննարկված են Լեռնային Ղարաբաղի հարցով գործընթացների և բանակցությունների ամենակարևոր դրվագները՝ 1987թ ի վեր և մինչև 2012 թվականը, երբ տապալվեցին դեպի Կազան տանող բանակցությունները:

Խաղաղության միջազգային ինստիտուտի կայքում հրապարակվել է նաև մեկ այլ վերլուծություն, որի հեղինակը կոչ է անում ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ջանքեր գործադրել կոնֆլիկտի գոտում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման և նոր նախաձեռնություններով իրականություն դարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացումը:

 

Placeholder
Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետը այն մասին, թե ինչու տապալվեց Կազանի հանդիպումը