Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս  արդյունք
Քաղաքական
11:10 17/05/2016
Հայաստան

Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս արդյունք

Հայկական կողմը ոչ միայն կարողացել է ներկայացնել սեփական դիրքորոշումները, այլև կատարել է  համապատասխան քայլեր, որոնք մինչև հանդիպումը թույլ կտային համոզված լինել դրա կայացման նպատակահարմարության ու սպասվող արդյունքների մեջ:

Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Մինսկի  խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների, ինչպես նաև հակամարտող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Քաղաքագետը վերլուծել է հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսակի խմբի տարածած հայտարարությունը:  Կարևորում է մի քանի արդյունքներ:

«Առաջինն այն վերահաստատումներն են, որ կարգավորումն ունի միայն խաղաղ ճանապարհ: Այսինքն, ցանկացած տեսակի ռազմական գործողություն չունի ոչ մի ապագա: Ապագա չունի նաև այն կողմը, որը ռազմական գործողությունների միջոցով փորձել է ինչ-որ բանի  հասնել»,-ասաց Ա. Մարկարովը:

Որպես կարևոր երկրորդ արդյունք, քաղաքագետը մատնանշում է միջադեպերի  հետաքննության մեխանիզմների ներդրման մասին նախնական պայմանավորվածությունն է, որի անհրաժեշտության մասին անընդհատ բարձրաձայնել են հայկական երկու պետությունները:

«Ես վստահ չեմ հետագա քայլերի մեջ, բայց այն հանգամանքը, որ հայկական կողմերի դիրքորոշումն արձանագրվել է փաստաթղթի մեջ, կարևոր է»,-ասաց նա:

Մարկարովը, որպես երրորդ կարևոր արդյունք, առանձնացնում է պայմանավորվածությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ:

«Չորրորդ կարևոր արդյունքն այն է, որ կողմերին կոչ է արվում ու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում հունիսին ևս մեկ անգամ հանդիպել արդեն սկզբունքների վրա աշխտելու համար: Դա նշանակում է, որ կա մի նոր ու բոլորի համար հասկանալի ձևաչափ, որը կարելի է քննարկել: Չեմ ուզում ասել, որ սա հուսադրող է, բայց համենայն դեպս ցույց է տալիս, որ կարճաժամկետ տեսանկյունից ունենք հնարավորություն մինիմալիզացնել նոր լարվածության պիկերի առկայությունը»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:

Վինեննայի հանդիպմումից հետո՝ անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից, ականանետերից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից  խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ինչի հետևանքով հայ զինծառայող է մահացել:

«Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմի պահվածքի մեջ որևէ փոփոխություն չեմ նկատում երկարաժամկետ տեսանկյունից: Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է մշակել  հետաքննության մեխանիզմներ, ներդնել դրանք ու հետևել, թե ով է մեղավոր կողմը: Մենք չենք կարող ասել, որ կրակոցները չեն լինելու, սակայն կարող ենք շեշտել, թե ով է մեղավորը լարվածության բարձրացման մեջ: Այսինքն այն, ինչի մասին միշտ բարձրաձայնում են հայկական կողմերը»,-ասաց քաղաքագետը:

 

Placeholder
Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս արդյունք