Մոսկվայում Զիկայով հիվանդացության երրորդ դեպքն է գրանցվել
Աշխարհում
17:59 17/05/2016
Տարածաշրջան

Մոսկվայում Զիկայով հիվանդացության երրորդ դեպքն է գրանցվել

Մոսկվայում բժիշկները հաստատել են Զիկա վիրուսով հիվանդացության երրորդ դեպքը: «Վեստի.ռու»-ի   հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Աննա Պոպովան:

Նշվում է, որ երեք վարակվածներն էլ նոր են վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունից: Աղբյուրը հիշեցնում է, որ հիվանդացության առաջին դեպքը հաստատվել է ապրիլին, երկորրդը՝ մարտին:

ՀՀ Առողջապահության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ «Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու վարակի  տարածման համար այդ երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Այս տեսակի մոծակ Հայաստանում չկա: «Զիկա» տենդը չի փոխանցվում մարդուց մարդուն, այլ տարածվում է մոծակի միջոցով:

Այս տենդի հարուցիչը ֆլավիվիրուս է, փոխանցողը՝ «Aedes aegypti» ցեղի մոծակները (Հայաստանում չի հայտնաբերվել): Հետազոտողները գտնում են, որ վարակվածների միայն 20%-ի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով:

Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: «Զիկա» վարակով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վարակն արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:

Զիկա վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:
 

Placeholder
Մոսկվայում Զիկայով հիվանդացության երրորդ դեպքն է գրանցվել