Շառլ Ազնավուրի 92-ամյակին նվիրված բացօթյա համերգ՝ իր իսկ անվան հրապարակում
Մշակույթ
16:02 18/05/2016
Հայաստան

Շառլ Ազնավուրի 92-ամյակին նվիրված բացօթյա համերգ՝ իր իսկ անվան հրապարակում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 92-ամյակին նվիրված ՝ մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ:

«Թի Էմ Փրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ «ARARAT» կոնյակների  հետ համատեղ կազմակերպվելիք համերգին ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, Արտ Սինեմա անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը, համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները:

Կազմակերպիչներն այս միջոցառման մեկնարկով նպատակ ունեն ամեն տարի նշել մեծն շանսոնյեի ծննդյան օրը՝ իր իսկ անվան հրապարակում:

Համերգը կմեկնարկի ժամը 19։00-ին:

Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրվել էին իր կողմից 20 տարեկան հասակում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար:Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է: Հայաստանին ցուցաբերած օգնության համար նրան շնորհել են դիվանագիտական անձնագիր և նշանակել են Հայաստանի Հանրապետության մշտական դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Placeholder
Շառլ Ազնավուրի 92-ամյակին նվիրված բացօթյա համերգ՝ իր իսկ անվան հրապարակում