«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ԳԱԿ-ը բացահայտելու է Կասկադ համալիրի գանձերից մեկը
Մշակույթ
09:03 20/05/2016
Հայաստան

«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ԳԱԿ-ը բացահայտելու է Կասկադ համալիրի գանձերից մեկը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բոլոր ցուցասրահների մուտքը  «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում՝ մայիսի 21-ին, ժամը 10:00-24:00-ն,  լինելու է անվճար: Նախատեսված են միջոցառումների հատուկ ծրագիր, այդ թվում ցուցադրությունների բացում և կրթական ստեղծագործական նախաձեռնություններ: Այս մասին Panorama.amին տեղկացրեցին արվեստի կենտրոնից: 

Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի հայ անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հեղինակած «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի (1984-1988թթ.) հանրային բացումը ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում:

Ըստ աղբյուրի, հանրությանն առաջին անգամ ներկայացնելով այս մոնումենտալ աշխատանքը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացահայտում է Կասկադ համալիրի գանձերից մեկը, միևնույն ժամանակ երախտիքի տուրք մատուցելով արվեստագետին, ով այս տարի նշում է իր ծննդյան 85-ամյակը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Իմ հայրենիքի բնանկարը» ցուցադրությունը, որը կազմակերպվել է փետրվար ամսին կենտրոնում մեկնարկած համանուն կրթական ծրագրի շրջանակներում՝  նախատեսված սիրիահայ երեխաների համար: «Իմ հայրենիքի բնանկարը» ծրագիրը նպատակ ուներ մասնակից երեխաներին ներկայացնելու հայկական մշակութային համայնապատկերը հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների միջոցով՝ նպաստելով նրանց ներգրավմանը երկրի մշակութային կյանքում: Այս ցուցահանդեսը ներկայացնում է մասնակից երեխաների ստեղծագործականությունն ու ոգեշնչվածությունն արտացոլող աշխատանքների ընտրանին:

Այցելուները նաև հնարավորություն կունենան դիտելու վերջերս բացված «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ժամանակավոր ցուցադրությունը «Արծիվ» սրահում:

Թանգարանային գիշեր ակցիայի միջոցառումների շարքում կիրականացվի նաև «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության վրա հիմնված «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի երկու պարապմունք՝ նախատեսված ընտանիքների և պատանիների համար:

«Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների  միջազգային  խորհրդի  /ԻԿՕՄ/ առաջարկով: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան:

Placeholder
«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ԳԱԿ-ը բացահայտելու է Կասկադ համալիրի գանձերից մեկը