Թանգարանային առարկաների վերականգնումը մեր լրջագույն խնդիրներից է. Մարինե Հարոյան
Մշակույթ
09:04 23/05/2016
Հայաստան

Թանգարանային առարկաների վերականգնումը մեր լրջագույն խնդիրներից է. Մարինե Հարոյան

«Մենք թանգարանային առարկաների վերականգնման խնդիր ունենք: Չունենք լավ լաբորատորիաներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը:

Նա նշեց, որ Հայաստանի Ազգային պատկերասրահին, Հայաստանի Պատմության թանգարանին անհրաժեշտ են նոր սարքավորումներով լաբորատորիաներ:

«Սա մեր լրջագույն խնդիրներից է: Մշակույթի նախարարությունը մի քանի տարի շրջանառում է կենտրոնական լաբորատորիա ունենալու հարցը»,- ասաց նա:

ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը Panorama.am-ին ասաց, որ պետական բյուջեից ամեն տարի թանգարանային առարկաների վերականգնման համար հատկացումներ լինում են:

«Իհարկե, բավարար չէ, փորձում ենք բյուջեի սահմաններում անել ամենը, որպեսզի ապահովենք կարևորագույն առարկաների, առաջնային վերականգնման կարիք ունեցող առարակների վերականգնումը»,- ասաց նա:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, Հայաստանի տարածքում գործող 106 թանգարանի ֆոնդերում 2015-ին հաշվառվել է 2 միլիոն 935 հազար 697 ցուցանմուշ, որից 1 միլիոն 584  հազար 424-ը փաստաթղթեր են, 492 հազար 184-ը՝ լուսանկարներ, 290 հազար 517-ը՝ հնագիտական առարկաներ,  44 հազար 270-ը՝ գեղանկարչության առարկաներ, ինչպես նաև կան գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի, դրամագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ և այլն: Թանգարաններում պահվող ցուցանմուշներից 67 հազար 516-ը ենթակա են վերականգնման: 2015-ին  վերականգնվել է 3894 ցուցանմուշ:

 

Placeholder
Թանգարանային առարկաների վերականգնումը մեր լրջագույն խնդիրներից է. Մարինե Հարոյան