Բունդեսթագի փոխնախագահ. Բանաձևում անդրադարձ է կատարվում Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության մեջ
Օրվա մամուլ
16:03 24/05/2016

Բունդեսթագի փոխնախագահ. Բանաձևում անդրադարձ է կատարվում Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության մեջ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին քննարկվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձևում առաջին հերթին կդատապարտվեն Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կատարված տեղահանուﬓերը, բռնությունները, ջանդերը: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:

«Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կարևոր է մշտարթուն պահել հիշողությունը: Ուստի այս բանաձևում հիշատակելու, ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերին, դատապարտելու ենք այն տխրահռչակ դերը, որն ունեցել է գերմանական կայսրությունը՝ այն ժամանակ լինելով Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, չի կանխել ոճրագործությունը»,- նշեց նա:

Է. Բուլմահնի խոսքով, գերմանական կառավարության կողմից 1998 թվականին Հայաստանին և Թուրքիային ներկայացրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ժամանակին Գերմանիան իր դիվանագիտական աղբյուրներով տեղյակ է եղել այդ իրադարձությունների մասին, որոնք կատարվել են այդ ժամանակ Օսմանյան Թուրքիայում:

«Այդ պատճառով բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության մեջ: Գերմանիան այս բանաձևի շարադրանքով փաստորեն ստանձնում է իր պատասխանատվությունը առերեսվելու պատմությանը»,- ընդգծեց Բունդեսթագի փոխնախագահը:

Նա նշեց, որ 1970-80-ական թվականներից մինչև 1990-ականները Գերմանիայի կառավարությունը, գերմանացի ժողովուրդը բազմաթիվ հուշարձաններ, համալիրներ կանգնեցնելով փորձել է վառ պահել Հոլոքսոտի զոհերի հիշատակը՝ դրանով վառ պահելով նաև համագերմանական պատասխանատվությունն կատարված ցեղասպանության նկատմամբ:

«Քննադատական մոտեցմամբ պատմությանը հաջողությամբ առերեսվելը կարող է միայն հաջողություն ունենալ այն դեպքում, եթե հստակ բաժանվի անմիջական մեղսակցությունը և հետագա սերունդների կողմից պատասխանատվոթյան ստանձնումը: Միայն այս պարագայում կարելի է հասնել հիշողության մշակույթի հաստատմանը»,- ասաց գերմանացի պաշտոնյան:

Ըստ նրա, Թուրքիայում ավելանում են այն մարդիկ, ովքեր համարձակորեն առերեսվում են իրենց պատմությանն ու քննադատական մոտեցում ցուցաբերում այն ժամանակվա Օսմանյան կայսրության կողմից վարված քաղաքականությանը:

«Հաշվի առնելով մեր պատմության մութ էջերը, մեր պատական փորձառությունը, ցանկանում ենք նաև պատասխանատվություն ստանձնել, օգնել հայ և թուրք հասարակություններին երկխոսության եզրեր գտնելու և համատեղ առերեսվելու  իրենց պատմությանը:  Գերմանիային  հաջողվել  է հաշտեցման եզրեր գտել Իսրայելի հետ, լիակատար հաշտվել է Ֆրանսիայի, Լեհաստանի հետ: Կարծում ենք, որ թեև դժվար, բայց հնարավոր քաղաքական ճանապարհ է, որով կարող են գնալ նաև Հայաստանն ու Թուրքիան՝ վերահաստատելով  հարաբերություններ և երկխոսություն միմյանց միջև»,- ասաց Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:

Placeholder
Բունդեսթագի փոխնախագահ. Բանաձևում անդրադարձ է կատարվում Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության մեջ