Ջղայնանում էի, որ նախարարությունում ցերեկը լույսը վառ էին թողում. Սերգո Կարապետյան
Քաղաքական
18:04 25/05/2016
Հայաստան

Ջղայնանում էի, որ նախարարությունում ցերեկը լույսը վառ էին թողում. Սերգո Կարապետյան

«2011 թվականից, երբ ես սկսել եմ աշխատել, մեզ մոտ ծախսերը կտրուկ նվազել են», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով կոռուպցիայի մասին հարցերին:

Նա ասաց, որ իր` նախարար նշանակվելուց հետո նախարարությունում սկսել են տնտեսել հոսանքի, ջրի վրա, իսկ գործուղումների ժամանակ էլ ինքն օգտվել է էկոնոմ դասի ծառայություններից:

«Լուրջ խնայողություններ ենք արել հենց առաջին տարվանից սկսած: Տարիների ընթացքում մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ էլ իջեցնելու տեղ էլ չունենք:

Ես 2011 թվականից, երբ սկսել եմ աշխատել, միայն էկոնոմ կլասով եմ գնացել գործուղումների: Ես քանի որ իմ ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, միշտ պայքարել եմ հոսանքի, ջրի ավելորդ ծախսի դեմ: Միշտ պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ եկա նախարարություն, ջղայնանում էի, որ ցերեկը լույսը վառն էին թողում: Ազնվությամբ բան եմ ասում, որը կարող ա ձեզ համար տարօրինակ թվա: Իմ էությամբ ես էդպիսին եմ», -հայտարարեց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա նախարարի պնդմամբ, կոռուպցիոն ռիսկերը իր ղեկավարած ոլորտում «նվազագույնի են հասցված»:

«Էնպես չէ, որ մեզ մոտ կոռուպցիա կա: Մեր համակարգից աշխատողներ կան, հետաքրքրվեք բոլորից», -հավելեց նախարարը:

Հարցին, թե վերանորոգչական աշխատանքներ արդյոք չե՞ն իրականացվել նախարարությունում, Կարապետյանն ասաց, որ դրանք արվել են իր «անձնական միջոցներով»:

«Այդ ծախսերն արել եմ իմ անձնական աշխատավարձի հաշվին, ամբողջ միջանցքում նկարներ եմ փակցրել, իմ գալուց մեկ շաբաթ հետո, եթե հիշում եք, վիճակը լավ չէր», -ասաց նախարարը:
 

Placeholder
Ջղայնանում էի, որ նախարարությունում ցերեկը լույսը վառ էին թողում. Սերգո Կարապետյան