Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվել է Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը
Մշակույթ
13:57 25/05/2016
Հայաստան

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվել է Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը

«Բարի, ազնիվ, բոլորին հասնող: Ինչպես իր նկարչությունն է՝ ջինջ, հարուստ, գունեղ, այնպես էլ իր հոգին: Նայելով իր  կտավներին՝ լցվում ես բարությամբ, լավատեսությամբ: Սա շատ կարևոր է գեղանկարչության համար: Պետք է նման արվեստագետը բարձր գնահատվի: Արժանի է, որ իր անունը հնչի մեր մեծերի կողքին»,- Panorama.am-ի հետ զրույցում այսպես նկարագրեց  ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ժորա Հայրապետյանը:

Նրա խոսքով, Ա. Գրիգորյանին ճանաչում է շատ վաղուց, երբ նա Նկարիչների միության երիտասարդական սեկցիայի նախագահն էր:

«Նայելով նկարներին՝ նա անմիջապես հասկանում էր, որ այս հեղինակին հարկավոր է ոգևորել, հնարավորություն սահմաններում օժանդակել, որպեսզի չկորչի, ավելի աճի ու զարգանա»,- ասաց նա:

Նշենք, որ Գեղարվեստի ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվել է Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայցաված 30 աշխատանքը հիմնականում 2015 թվականին են արված: Կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, խորհրդանշական պատկերներ, որոնք դիտողին տեղափոխում են լիովին այլ աշխարհ:  

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, նկարիչ Վիգեն Ղազարյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ Անատոլի Գրիգորյանը վառ երևակայություն ունի, որի արդյունքում նա ստեղծում է իր աշխարհը:

«Այս տիպի նկարիչ, անհատականություն՝ նման մոտիվներով, գունագծային հարաբերություններով, Հայաստանում չկա:  Նրա նկարները կենսական էներգիա են ներշնչում, դրական էսթետիզմով են շնչում»,- նշեց արվեստաբանը:

Ըստ նրա, նկարչի աշխատանքներում պատկերցած է աշխարհ, որը ժամանակին ինչ-որ չափով եղել է, հիմա գոյություն չունի. «Տոլիկի նկարներում այդ աշխարհն անընդհատ վերակենդանանում է»:

Նկարչի Անատոլի Գրիգորյանը նշեց, որ ինչպես  բոլոր նկարիչները, ինքն էլ ցանկություն ունեցավ իր աշխատանքները ներկայացնել իր կոլեգաներին, հանրությանը:

Նա  նշեց, որ  հատուկ թեմաներ չի ընտրում, աշխատելու ժամանակ թեմաներն իրենք են գալիս, տվյալ ժամանակաշրջանում ինչ ուզում է, զգում է, նկարում է. «Մուսան գալիս է նկարելու ընթացքում, մի քիչ էլ երևակայությունդ շատ է՝ ընկնում ես ճիշտ ճաապարհի վրա»: 

«Այնպիսի աշխատանքներ են, որոնք մարդուն մի քիչ մտածելու տեղիք են տալիս»,- նշեց նա: 

Գեղանկարիչ Անատոլի Գրիգորյանը ծնվել է 1941թ. հունիսի 4-ին, Լենինականում (այժմ` Գյումրի)։ 1956-61թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1962-67թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1967-75թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կոմիտեում` որպես բեմադրող նկարիչ, 1975-77թթ` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում` որպես գեղարվեստական խմբագիր։ 1970թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1977-87թթ ընտրվել է միության վարչության քարտուղար։ 1990թ-ից աշխատում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ 2003թ-ից գեղանկարչության ամբիոնի վարիչն է (2004թ-ից` պրոֆեսոր): 1965թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Մոսկվայում, Լվովում, Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում և այլուր: Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի արվեստի թանգարանում, Երևանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Դոնի-Ռոստովի, Ուժգորոդի, Ալմա-Աթայի պատկերասրահներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Ղազախստանում, Վանաձորի, Ջերմուկի քաղաքային պատկերասրահներում  և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
 

Placeholder
Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվել է Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը