Լվովում ադրբեջանցիների հարձակմանը ենթարկված Քունգ Ֆուի ֆեդերացիան անօրինական է գործել. Նախարար
Աշխարհում
15:20 27/05/2016

Լվովում ադրբեջանցիների հարձակմանը ենթարկված Քունգ Ֆուի ֆեդերացիան անօրինական է գործել. Նախարար

Հայաստանի քունգ-ֆուի ֆեդերացիան, որի մարզիկները Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած առաջնության ժամանակ հաղթել էին ու վեճի մեջ մտել ադրբեջանցիների հետ, անօրինական գործող ֆեդերացիա է և գրանցված չէ միջազգային ֆեդերացիայում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Ուկրաինայի Լվով քաղաքում Քունգ Ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկի մենամարտն անավարտ էր մնացել: Հայաստանի հավաքականի անդամ, արցախցի Դավիթ Պետրոսյանին կես քայլ էր բաժանում ադրբեջանցի մարզիկին հաղթելու համար, երբ մրցակցի մարտավկան փորձել է ռինգի կողքից հարվածել Դավթին: Նրան միացել է նաև պարտվողը՝ թիկունքից հարվածելով հայ մարզիկին: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչները և մարզիկները նախօրոք դահլիճ բերած մահակներով հարձակվել էին մերոնց վրա և մեծ ծեծկռտուք էր սկսվել, որին միջամտել էին ոստիկանները:

Նախարարն ասաց, որ իրենք տեղյակ են՝ ինչ է կատարվել Լվովում և փորձել են Հայաստանի ներկայացուցիչների կողքին կանգնել։

«Բայց կան այդ ֆեդերացիայի հետ ճանաչման խնդիրներ և պետք է ամեն ինչ հստակեցվի: Մենք արդարադատության նախարարության հետ նախագիծ ենք մշակում, որ Հայաստանում գործող բոլոր ֆեդերացիաները լիցենզավորվեն, որ նման դեպքերից խուսափեն։ Մենք չունենք ազդեցության լծակ այդ ոլորտում։ Կան ֆեդերացիաներ, որոնց մասին տեղյակ էլ չենք», -հավելեց նախարարը։

Նրա խոսքով, յուրաքանչյուր թիմ, որը մեկնում է արտերկիր, ներկայացնում է Հաայստանի Հանրապետությունը։

«Մենք չանք կարող թույլ տալ, որ ով ուզենա, գնա ու Հայաստանի Հանրապետության անունից հանդես գա։ Դա ճիշտ չէ։ Դա կարգավորվելու է նոր օրենսդրությամբ», -հավելեց նախարարը։

Մեր ճշտող հարցին, թե այսինքն՝ Քունգ Ֆուի ֆեդերացիան անօրինակա՞ն է ներկայացրել Հայաստանը Եվրոպայի առաջնությունում, Ղազարյանը պատասխանեց.

«Այո, այո։ Որպես հասարակական կազմակերպություն, բայց ոչ որպես մարզական հասարակական կազմակերպություն, որի գործունեության մասին մենք տեղյակ ենք եղել»։
 

Placeholder
Լվովում ադրբեջանցիների հարձակմանը ենթարկված Քունգ Ֆուի ֆեդերացիան անօրինական է գործել. Նախարար