Հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված արցախցի երեխաներն ապաքինվում են
Քաղաքական
14:21 28/05/2016
ԼՂՀ

Հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված արցախցի երեխաներն ապաքինվում են

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու պաշտպանական ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված  հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաները՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը և 11-ամյա Գևորգ Գրիգորյանն ապաքինվում են:

«Ասում են, որ լավ է վիճակս: Լավ է լինելու: Լավանամ, մեծանամ, զինվոր դառնամ, որ Վաղարշակի, Գևորգի, իմ ընկերների վրեժը լուծեմ: Մեզ չեն կարող վախեցնել»,-Panorama.am-ին իր վիճակի ու նպատակների մասին պատմում է Վարդանը:

Նա նույնիսկ անկողնում զինվորական շապիկ է հագնում՝ զինծառայող հոր կարոտն այդպես է առնում:

Վիրավոր  երեխաները հիշում են դեպքի մանրամասները: Վարդան Անդրեասյանի մայրն ասաց, որ երեխան կարողացել է հաղթահարել վախը: Ուզում է դպրոց վերադառնալ:

Երեխաների մայրերը պատմում են, նախորդ օրերին թշնամու անօդաչու սարքերը պտտվել են տարածքում, նկարել` երեխաներն առավոտյան դասերից առաջ բակում ֆիզիկական վարժություններ են կատարում:

«Որ մի տասը րոպե ուշ լիներ դեպքը, կարող է բոլոր երեխաները վիրավորվեին: Էլի ասենք փառք Աստծո»,-ասաց Վարդանի մայրը:

Գևորգը հիշում է, որ առաջինն իրենց օգնության են հասել Վարդանի մայրն ու եղբայրը:
«Մարտունիում վիրահատեցին, հետո տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց: Ստեփանակերտի հիվանդանոցում պառկեցի մեկ ամիս: Հիմա լավ եմ»,-ասում է Գևորգը:

Նրա եղբայրը՝ 2004թ. ծնված Վաղարշակ (Վաղինակ) Գրիգորյանը հրթիռակոծության հետևանքով մահացել էր:

Ներքին Ճարտարի բնակիչ երեխաներն իրենց մայրիկների հետ դեռ Ստեփանակերտում են:

Մանրամասները՝ տեսանյութում:
 


 

Placeholder
Հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված արցախցի երեխաներն ապաքինվում են