Սիլիկոնային հովտում կանցկացվի «Հայաստան-ՏՏ» ֆորումը
Տնտեսություն
18:07 30/05/2016
Հայաստան

Սիլիկոնային հովտում կանցկացվի «Հայաստան-ՏՏ» ֆորումը

«ԱրմԹեք»-ի շրջանակում հունիսի 10-ին Սիլիկոնային հովտում անցկացվելու է «Հայաստան. ՏՏ» ֆորումը, որի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, ինչպես նաև նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ասաց, որ ֆորումի ուշադրության կենտրոնում կլինեն հայկական «ստարտափների» զարգացմանը վերաբերող հարցեր, կներկայացվեն հայկական ՏՏ ոլորտի  կազմակերպությունների առաջխաղացումը աշխարհում՝ հատկապես ԱՄՆ-ում, կքննարկվեն նաև կրթական հարցեր: Ըստ նրա՝ ֆորումին մասնակցելու են ոլորտը ներկայացնող հինգ ստարտափեր:

Էմիլ Տարասյանը հայտնեց, որ նախորդ տարիներին «Արմթեք»-ի շրջանակներում բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել: Կազմակերպիչներն այս տարի ևս նախատեսում են նմանատիպ հուշագրերի ստորագրում, որոնք հիմք կհանդիսանան հետագայում Հայաստանում նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը  նշեց, որ այս տարի համաժողովն անցկացվելու է «Սինոփսիս» ընկերությունում, որի ներկայացուցչությունը Հայաստանում ամենամեծ ՏՏ կազմակերպությունն է:

Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհի համար այն կարևոր երկրներից մեկն է, որտեղ կան ՏՏ ընկերություններ, որոնք աշխարհի քարտեզում գրավում են առաջատար դիրքեր և դա է հիմնական պատճառը, որ «ԱրմԹեք»-ում հատուկ շեշտադրում է արվել ՏՏ ոլորտի զարգացմանը:

Բացի այդ, ֆորումի շրջանակներում քննարկվելու է աշխարհում՝ հատկապես ԱՄՆ-ում,   հայկական կազմակերպությունների առաջխաղացման, ինչպես  նաև կրթական խնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես, թե ինչ ուղղությամբ պետք է տանել Հայաստանի մրցակցային առավելություններից մեկի` մարդկային ռեսուրսի զարգացումը: Համաժողովին հատուկ ուշադրություն է հատկացվելու նորաստեղծ ընկերությունների զարգացման հարցին, լինելու են այդպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր պոտենցիալ ներդրողներին կներկայացնեն իրենց ծրագրերը: 

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը հայտնեց, որ սովորաբար Սիլիկոնային հովտում անցկացվող միջոցառումները հայկական ընկերություների համար արդյունավետ են եղել:

«Իմ կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է նոր թռիչքի ՏՏ բնագավառում և շատ կարևոր է այդ թռիչքում ներառել Սիլիկոնային հովտի հնարավորությունները: Կարծում եմ, որ սա լինելու է կարևոր և բարեփոխումներին ուղղված միջոցառում»,-ասաց նա՝ հավելելով, որ համաժողովին ներկայացնելու են իրենց նոր նախաձեռնություններից մեկը` Երևանում տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը:

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքերով՝  նմանատիպ միջոցառումներին մասնակցելն ինքնանպատակ չէ, քանի որ ասելիք կա: Այս տարի էլ, ըստ նրա, կրթության բաղադրիչի մասին են խոսելու:

Մասնավորապես, ներկայացնելու են ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության հինգ ավագ դպրոցներում մեկնարկած ծրագրի մասին, որով «Միկրոէլեկտրոնիկա»-ն, «Հեռահաղորդակցություն»-ն ու «տեղեկատվական տեխնոլոգիաներ»-ը պարտադիր առարկա են դարձել: Նրա խոսքով` շախմատից հետո դա կարող է լինել աշխարհում հայկական երկրորդ ֆենոմենը:

Նշենք որ միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները՝ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները, նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ, մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում, կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:

Միջոցառումն իրականացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամի կողմից` ‹‹Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` ‹‹Մայքրոսոֆթ», ‹‹ԱյԲիԷմ», ‹‹ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը:  

Placeholder
Սիլիկոնային հովտում կանցկացվի «Հայաստան-ՏՏ» ֆորումը