Կոմպոզիտոր Բրամսի թանգարանները՝ Խաչատրյանի տանը
Մշակույթ
09:14 02/06/2016
Հայաստան

Կոմպոզիտոր Բրամսի թանգարանները՝ Խաչատրյանի տանը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր մեկնարկում է  «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Panorama.am-ին թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Շահմանյանն ասաց, որ ծրագրի շրջանակում պարբերաբար կներկայացվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները  և կհնչեն ստեղծագործությունները:

«Մենք արդեն նման ծրագիր իրականացրել ենք, այս տարի ներկայացնելու ենք գերմանացի կոմպոզիտորների թանգարանները: Առաջինը նվիրված է լինելու նշանավոր կոմպոզիտոր Յոհաննես Բրամսին»,- նշեց նա՝ հավելելով, որ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի պատրաստած տեսաշարի ուղեկցությամբ կներկայացվի նրա՝ Համբուրգում և Բադեն-Բադենում գործող թանգարանները, կյանքն ու ստեղծագործական ուղին:

Ա. Շահմանյանը նաև տեղեկացրեց, որ երեկոյի երկրորդ մասում հնչելու է Բրամսի ստեղծագործությունները՝ «Արամ Խաչատրյան» տրիոյի՝ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, թավջութակահար Կարեն Քոչարյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, կատարմամբ: Ելույթ են ունենալու նաև երգչուհի Աննա Մայիլյանը և ալտահար Մաքսիմ Նովիկովը: Կհնչեն Բրամսի «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար», «Մտորում ջութակի և դաշնամուրի համար», «Սկերցո ջութակի և դաշնամուրի համար», «Դաշնամուրային կվարտետ», «Երկու երգ ձայնի, ալտի և դաշնամուրի համար» երկերը:

Placeholder
Կոմպոզիտոր Բրամսի թանգարանները՝ Խաչատրյանի տանը