ՄԻԵԴ-ը հրապարակել է «Յունուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը
Քաղաքական
14:43 02/06/2016

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Յունուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Յունուսովան և Յունուսովն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։

Դատարանը միաձայն որոշել է, որ Յունուսների գործով եղել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ և 3-րդ հոդվածների խախտումներ՝ անհատական գանգատների իրավունք և խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում։

Ինչպես նշվում է վճռում, գործը վերաբերում էր հայտնի ադրբեջանցի իրավապաշտպաններ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսներին, որոնց կալանքի ժամանակ նրանց տրված բուժօգնությունը չի եղել համարժեք։

ՄԻԵԴ-ում գործի վարույթի ընթացքում որպես միջանկյալ միջոցառում դատարանի կողմից բավարարվել էր Լեյլա և Արիֆ Յունուսների խնդրանքը՝ բանտում ապահովել համապատասխան բժշկական խնամք։

Դատարանը, սակայն, գտել է,որ միջանկյալ միջոցառման հետ կապված Ադրբեջանի կառավարությունը չի իրականացրել անհրաժեշտ քայլեր և չեն ներկայացվել բժշկական զննության ապացույցներ։ Ըստ այդմ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Լեյլա և Արիֆ Յունուսներին չի տրամադրվել համապատասխան բուժում կալանքի ժամանակ։ Արդյունքում ամուսինները ենթարկվել է երկարատև հոգեկան և ֆիզիկական տառապանքի, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։
ՄԻԵԴ-ը որպես արդարացի բավարարում սահմանել է 13 000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 4000 եվրո՝ երկու հայցատուների իրականացրած ծախսերի համար։

Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսը ձերբակալվել էր 2014թ․-ի հուլիսին,  Արիֆ Յունուսը՝ 2014թ․-ի օգոստոսին տարբեր մեղադրանքներով, այդ թվում նաև խոշոր չափերի խարդախություն և պետական դավաճանություն։ 2015թ․-ի օգոստոսին Յունուսները դատապարտվեցին 8,5 տարվա ազատազրկման։

Այս որոշումը 2015թ․-ի դեկտեմբերին կարճվեց և ամուսիններին տրվեց 5 տարվա պայմանական ազատազրկում։ Լեյլա և Արիֆ Յունուսներն ազատ են արձակվել և այժմ գտնվում են Նիդերլանդներում, որտեղ ապրում է նրանց դուստրը։ Նշվում է, որ Յունուսները ապաստան են հայցել Նիդերլանդներից։

Placeholder
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Յունուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը