Հայտնի են «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի հաղթողները
Տնտեսություն
17:36 04/06/2016
Հայաստան

Հայտնի են «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի հաղթողները

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի հաղթող ճանաչվեցին և մրցանակներ ստացան 56 աշակերտներ, բացի այդ՝ ևս 6 աշակերտ ստացավ խրախուսական մրցանակ:

Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45  և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից: Աշակերտները կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով:

Ամենամյա մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը, գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ իր կողմից հիմնադրված Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներ են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը), գործընկերը Նաիրի համընկերություն:

Միջոցառման նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:

‹‹Մրցույթը մեծ ոգևորություն և հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: «Ոզնին» ակամա  նպաստեց որոշ դպրոցներում համակարգչային սենյակների նպատակային օգտագործմանը, ուսուցիչներին ստիպեց վերանայել իրենց առարկայական գիտելիքների պաշարը››,-նշեց Ռուզան Նիկոյանը:

Նշվեց նաև, որ 2011թ.-ին մրցույթը դարձավ քաղաքային, իսկ 2013թ.-ից` հանրապետական: 2015թ.-ից մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջին փուլը կայանում է դպրոցներում, իսկ երկրորդը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, որն իր գերհագեցած համակարգչային լաբորատորիաներով հնարավորություն է ընձեռում միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով:

Կազմակերպիչները նախատեսում են «Ոզնի» համակարգչային մրցույթում ընդգրկել նաև ԼՂՀ դպրոցներին ու աշակերտներին:


Placeholder