Վրաստանի կրթության նոր նախարարը կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է
Կրթություն, գիտություն
15:22 04/06/2016
Տարածաշրջան

Վրաստանի կրթության նոր նախարարը կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է

Վրաստանի կրթության նոր նախարար է նշանակվել կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ալեքսանդր Ջեջելավան: Այս մասին գրում է Ջավախք ինֆո-ն:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախօրեին  ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնող Թամար Սանիկիձեն, ով այդ պաշտոնին էր 2012 թվականից, ազատվել է աշխատանքից:

«Թամարը հեռու չի գնալու, նա մնալու է մեր թիմում: Առաջիկայում նրա նոր պաշտոնի մասին մենք կխոսենք»,- ասել է վարչապետը:

Գ.Կվիրիկաշվիլին նշել է, որ նորանշանակ նախարարի կառավարման ոլորտում ունեցած փորձը թույլ կտա կրթության ոլորտում բարեփոխումներ իրականանցնել:

Ալեքսանդր Ջեջելավան ծնվել է 1973 թվականին, սովորել է Թբիլիսիի ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։

Եղել է Վրաստանի հարկային տեսչութան, Հայաստանում պետռեգիստրի և Ղրղզստանի Ազգային բանկի խորհրդատու: Զբաղեցրել է «Միացյալ գլոբալ տեխնոլոգիաների» (UGT) գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Վրաստանի Ազգային բանկի ՏՏ ապահովման բաժնի ղեկավար: Մինչ վերջերս զբաղեցնում էր TBC բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ՏՏ ոլորտի կադրային քաղաքականության գծով: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատասխանելով Ջավախք ինֆո-ի հարցին, թե ՀՀ ԿԳՆ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու  Ջավախքում հայալեզու կրթությանը նպաստելու և այդ ոլորտում առկա խնդիրները թեթևացնելու համար,  ՀՀ ԿԳՆ-ից ասել էին, որ նախարարությունը ներկայումս չի  կարող աջակցություն ցուցաբերել Վրաստանի  կրթության նախարարության  հետ բանակցություններում, քանի որ պաշտոնական ձևակերպումը պահանջում է ֆինանսական փաստաթղթեր, որոնցում երևում է դասագրքեր ձեռքբերած գերատեսչության անվանումը, որը հանդիսանում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Placeholder