Ալի Լարիջանի. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհը դիվանագիտությունն է
Քաղաքական
11:27 06/06/2016
Աշխարհ

Ալի Լարիջանի. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհը դիվանագիտությունն է

Իրան-Հայաստան հարաբերությունները վերջին տարիներին ընդլայնվել են,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:

Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Իրանի խորհրդարանի նախագահը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է. «Բարեբախտաբար Իրան-Հայաստան հարաբերությունները վերջին տարիներին ընդլայնվել են, երկու երկրների միջև անցկացվող խորհրդակցություններն ու հանդիպումները վկայում են, որ կողմերը հակված են ավելի ամրապնդելու երկկողմ հարաբերությունները»:

Ալի Լարիջանին, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, մասնավորապես ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի քաղաքական բանակցությունների միջոցով, դրա համար պետք է օգտագործել դիվանագիտական գործիքները»:

ԻԻՀ Մեջլիսի նախագահը, կարևորելով երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ այն կնպաստի երկկողմ առևտրական կապերի ընդլայնմանն ու զբոսաշրջության զարգացմանը:
 

Placeholder
Ալի Լարիջանի. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհը դիվանագիտությունն է