Ղազախստանի Ակտոբ քաղաքի թաղամասերից մեկը շրջափակման մեջ է
Քաղաքական
11:03 06/06/2016
Աշխարհ

Ղազախստանի Ակտոբ քաղաքի թաղամասերից մեկը շրջափակման մեջ է

Ղազախստանի Ակտոբ քաղաքի «Նուր Սիթի» թաղամասը շրջափակված է,-գրում է Tengrinews.kz-ն: Տեղի բնակիչների տվյալներով՝ շրջանում առավոտյան կրակոցների ձայներ են լսվել:

Ներկա պահին տարածքը հսկվում է ուղղաթիռներով: Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են շրջան մուտք գործող բոլոր ավտոմեքենաները: Տեղում են նաև ոստիկանության զինված աշխատակիցները, որոնք փակել են շրջանի նորակառույցների մուտքը:

Տեղի բնակչուհի Ռոզա Աբդրաիմովը պատմել է, որ կրակոցների ձայներ է լսել առավոտյան ժամը վեցին: Նա նաև նշել է, որ ամբողջ գիշեր թաղամասում շարժ է եղել:

Նշվում է, որ «Նուր սիթի» թաղամասը կառուցվել է պետական ծրագրով և հիմնականում այդտեղ պետական ծառայողներ և ուսուցիչներ են բնակվում:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 5-ին կրակոցներ են հնչել Ակտոբ քաղաքի մի քանի շրջաններում: Ղազախստանի հանրապետության ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հաղորդում են ստացել «Պալլադա» զենքի խանութի վրա անհայտ անձանց հարձակման մասին, ինչպես նաև մեկ այլ զենքի խանութի և Ազգային գվարդիայի զինվորական միավորման վրա:

ՆԳՆ տեղեկատվությամբ՝ ձեռնարկված միջոցներով հարձակվողներից մեկը ձերբակալվել է, երեքը սպանվել են: Մի քանի հանցագործներ արգելափակվել են, մի քանիսին էլ հաջողվել է փախչել:

Ոստիկանության տվյալներով ենթադրվում է, որ հարձակվողները ոչ ավանդական  կրոնական կազմակերպությունների հետևորդներ են: Ակտոբում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարվել: Դադարեցրել է ժամանցի վայրերի և հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Placeholder
Ղազախստանի Ակտոբ քաղաքի թաղամասերից մեկը շրջափակման մեջ է