ՀՀ նախագահ. Հայաստան-Չեխիա համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է
Քաղաքական
15:22 08/06/2016
Հայաստան

ՀՀ նախագահ. Հայաստան-Չեխիա համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է

Չեխիան Եվրոպայում Հայաստանի կայուն ու վստահելի գործընկերներից է, ում հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։ Այս հայտրարությունն արել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև։

«Մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետությունում բացվել է Չեխիայի դեսպանություն, և նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը, ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, միջազգային հարթակներում փոխգործակցությունը»,-թվարկեց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության առաջ մղմանը, ինչը Հայաստանը շատ բարձր է գնահատում:

Հայաստանի ու Չեխիայի ղեկավարները հանդիպման ժամանակ հանգամանալի կերպով քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը, որը առանահերթություններից է:

Երկրի ղեկավարը պատահական չհամարեց,  որ երկկողմ գրեթե բոլոր այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ: Քիչ հետո էլ երկու երկրների նախագահները  Երևանում ազդարարելու են հայ-չեխական գործարար համաժողովի մեկնարկը:

«Իհարկե այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք: Այս առումով մենք քննարկեցինք նոր հնարավորությունները, որ ուրվագծում են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությամբ, ինչպես նաև մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարի խոսքով, հանդիպման ժամանակ կարևորելով հանդերձ տնտեսական կապերի զարգացումը, նախագահները համակարծիք են, որ երկկողմ հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ. «Այլ նույն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին և հասցրել մինչև 21-րդ դար»:

Placeholder
ՀՀ նախագահ. Հայաստան-Չեխիա համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է