Ալեքսանդր Կռիլով. Հնարավոր է Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից
Քաղաքական
15:24 09/06/2016
Տարածաշրջան

Ալեքսանդր Կռիլով. Հնարավոր է Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` panorama.am-ի հետ զրույցում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը հայտնեց, որ ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան սրացումը լիովին սպասելի էր:

«Իհարկե, դա սպասելի էր: Արդեն երկար տարիներ ես խոսում եմ այն մասին, որ այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի վրա բոլոր ճակատներում ճնշում բանեցնելու քաղաքականություն: Սա վերաբերում է նաև զորքերի շփման գոտուն, ինչը այս քաղաքականության ռազմական բաղադրիչն է: Արդյունքում` պասիվ ընթացող պատերազմը ուղեկցվում է պարբերաբար կրկնվող սրացումներով»,- պարզաբանեց իր միտքը Ալեքսանդր Կռիլովը:

Մեր զրուցակցի խոսքով` տարեցտարի այս սրացումները ստանում են ավելի ու ավելի լայնածավալ բնույթ:

«Այժմ հարաբերական անդորրի հերթական շրջանն է: Եվ երբ այն կավարտվի, մենք կրկին ականատես կլինենք նոր սրացման»,- նշեց Ա.Կռիլովը:

Փորձագետի համոզմամբ` այս առումով որևէ կասկած չի կարող լինել, որ ապրիլյան սրացումը սանձազերծել է ադրբեջանական կողմը:

«Հայկական կողմին դա պարզապես պետք չէ, քանի որ նա խաղում է «հաշվի պահպանման» վրա` ձգտելով բանակցությունների միջոցով հասնել Ղարաբաղի կարգավիճակի ամրագրման: Իհարկե դրա հեղինակը Հայաստանը չէ, դա բացարձակ հիմարություն է»,- ասաց Ալեքսանդր Կռիլովը:

Անդրադառնալով մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին՝ փորձագետը նշեց, որ գլխավոր ձեռքբերումը հենց հանդիպման կայանալու փաստն էր:

«Առանց զորքերի շփման գծում դիտարկման համակարգի տեղադրման, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հստակ պարզել, թե ով է ռազմական գործողությունների սանձազերծման հեղինակը, որևէ առարկայական առաջնթացի մասին խոսել ավելորդ է»,- նշեց Ա. Կռիլովը` հավելելով` որ նման համակարգի տեղադրումը բխում է հայկական կողմի շահերից:

Այս ամենին հասնելու համար, ըստ փորձագետի, նախևառաջ անհրաժեշտ է ՀՀ արտաքին քաղաքականության ակտիվացում:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Մոսկվայի որդեգրած քաղաքական գծին, ապա, ըստ փորձագետի, կայունության պահպանման ջանքերին զուգահեռ, Կրեմլում այլևս լիովին չեն բացառում ինչ-որ փուլում տարածաշրջանից հեռանալու  հնարավորությունը:

Դա, ըստ Կռիլովի, նոր խոսք է Մոսկվայի տարաշրջանային քաղաքականության մեջ:

Անդրադառնալով Ադրբեջանի հրթիռա-հրետանային զորքերի հրամանատար Զահիդ Հուսեյնովի  այն հայտարարությանը, թե Ադրբեջանը աշխատում է 500 կմ. հեռահարությամբ օպերատիվ մարտավարական հրթիռներ ձեռք բերելու ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստ անգամ հարվածել Երևանին` փորձագետը նշեց, որ դա զուտ քարոզչական բնույթի հայտարարություն է:

«Միգուցե և Ադրբեջանը փորձել է ձեռք բերել նմանատիպ հրթիռներ, սակայն դրանց վաճառքը արգելվում է միջազգային պայմանագրով: Մյուս կողմից` Ռուսաստանի համար պարզապես աղետ կլինի, եթե նման համակարգերը կիրառվեն Երևանի դեմ: Կարծում եմ,  դա ուղղակի անհնար է: Մենք ունենք համատեղ պաշտպանության վերաբերյալ պայմանագիր: Բացի դրանից` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Նախ այդ հրթիռները կխոցվեն ՀՕՊ համակարգերի կողմից, ինչին անմիջապես կհաջորդեն Բաքվի նկատմամբ ռազմական պատժամիջոցները»,-շեշտեց փորձագետը: 

Placeholder
Ալեքսանդր Կռիլով. Հնարավոր է Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից