Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Մշակույթ
14:51 11/06/2016
Հայաստան

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամները նախօրեին եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհել անմար կրակի շուրջը: Այս մասին տեղեկանում ենք «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:

Մրցույթի ժյուրիի անդամներից Մարկ Հիլդրյուն նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին բավականին տեղեկացված է: Հայ ժողովրդի պատմության այդ էջին ծանոթացել է հայ երաժիշտների հետ շփվելիս. «Նրանք ինձ շատ են պատմել Հայոց ցեղասպանության մասին: Գերմանիայի կողմից նախորդ դարում կատարված ոճրագործությունը կարող ենք համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Հուսով ենք, որ հետագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա, բայց պատմության մեջ ամեն ինչ կարծես թե կրկնվում է. տեսեք, ինչ է կատարվում Սիրիայում: Պետք է դասեր քաղենք, որպեսզի ոճրագործությունները չկրկնվեն»: 

Մրցույթի մասին խոսելով՝ Մարկ Հիլդրյուն նշել է, որ այն բարձր մակարդակով է ընթանում, մասնակիցներն էլ բարձրակարգ են:

«Բավականին դժվար էր 12 դիրիժորներից այդ չորս մասնակիցներին ընտրել, բայց կարծում եմ` նրանք արժանի են»,- ասել է Մ. Հիլդրյուն: 

 Հունիսի 10-ի երեկոյան Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կազմկոմիտեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպել էր Բրայան Լարջի ֆիլմի ցուցադրությունը, որտեղ օպերային երկու աստղեր Ռենե Ֆլեմինգն ու Դմիտրի Խվորոստովսկին ներկայացնում են Սանկտ Պետերբուրգի ողջ գեղեցկությունն ու հմայքը: Ֆիլմի հիմքում Չայկովսկու, Վերդիի, Բելլինիի և այլոց օպերաներից դրվագներ են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ հանդես եկող Էրմիտաժի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Մինչ ֆիլմի դիտումը մրցույթի ժյուրիի անդամները, մասնակիցներն ու հյուրերը ծանոթացել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։

Հիշեցնենք, որ Երևանում Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին: Պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենան հունիսի 14-ին: 

Placeholder
Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ