ԱԳՆ-ն՝ Հայաստանում ստրկության վերաբերյալ տվյալների մասին
Իրավունք
12:37 14/06/2016

ԱԳՆ-ն՝ Հայաստանում ստրկության վերաբերյալ տվյալների մասին

Ստրկության վերաբերյալ ավստրալիացի իրավապաշտպանների հրապարակած զեկույցի  տվյալների համաձայն,  Հայաստանում ստրկության մեջ ապրում է 14 100 մարդ կամ բնակչության 0,47 տոկոսը:


Panorama.am-ի հարցմանն ի պատասխան Հայաստանի  ԱԳՆ-ից հայտնեցին, որ  նշված կազմակերպության (Walk Free Foundation) ներկայացուցիչները հետազոտություններ անցկացնելու նպատակով Հայաստան չեն այցելել, պետական համապատասխան մարմինների և նման հարցերով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ չեն համագործակցել:

«Ուստի՝ պարզ չէ, թե ինչպիսի հետազոտական և գիտամեթոդական գործիքներ են օգտագործել Հայաստանի վերաբերյալ եզրակացությունների անելիս»,-ասված է ԱԳՆ պատասխանում:

Նախարարությունից նաև ընդգծեցին, որ Հայաստանի մասով հետազոտության նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված կազմակերպության կողմից հետազոտությունն իրականացնելիս չեն օգտագործվել խորքային հարցազրույցների մեխանիզմներ:

«Հավելենք, որ համաձայն ԱՄՆ Պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի, Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվում է 1-ին խմբում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է աշխարհում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկը: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարության 2015 թվականի զեկույցում ընդգրկված 188 երկրներից առաջին խմբում դասակարգվել են միայն 31-ը: Հայաստանը տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ երկրներից առաջին խմբում ընդգրկված միակ երկիրն է»,-նշեցին ԱԳ նախարարությունից:

Ըստ զեկույցի, աշխարհում 45.8 մլն մարդ ապրում է ստրկության պայմաններում: Նրանց 60 տոկոսն ապրում են Չինաստանում, Հնդկաստանում, Պակիստանում, ԲԱնգլադեշում, Ուզբեկստանում:

Placeholder
ԱԳՆ-ն՝ Հայաստանում ստրկության վերաբերյալ տվյալների մասին