Բարեփոխումների նպատակը երեխաների՝ ընտանիքներում ապրելն է
Կրթություն, գիտություն
17:11 14/06/2016
Հայաստան

Բարեփոխումների նպատակը երեխաների՝ ընտանիքներում ապրելն է

Հայաստանում այսօր գործում է 23 հատուկ դպրոց, սակայն մինչև 2022 թվականը յուրաքանչյուր մարզում առնվազն՝ 1, իսկ Երևանում  4 հատուկ դպրոց պետք է վերակազմակերպվի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Այս մասին այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:

Նրա խոսքերով՝ իրենց նպատակն այն չէ, որ հատուկ դպրոցները փակվեն, դրանք այսպես թե այնպես «մարում» են:

«Եթե 2002 թ-ին հատուկ դպրոցներ էին գնում 10 հազար երեխաներ, այսօր այդ թիվը նվազել է ՝ հասնելով 2200-ի, որոնցից  ընդամենը 1000-ն է գիշերում այդ դպրոցներում: Բացի այդ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտության, Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների 70 տոկոսը հաճախում են հանրակրթական դպրոց: Այսինքն՝ մեր խնդիրը յուրաքանչյուր երեխային մատչելի և որակյալ կրթություն տալն է: Իսկ դա շատ ավելի բարդ հարց է»,- ընդգծեց Անահիտ Մուրադյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն էլ իր հերթին նշեց, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանի խնամքի հաստատություններում  ապրող երեխաների թիվը նվազել է: 

Նա նաև հիշեցրեց, որ մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատվել է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը: Ըստ նոր կարգի` սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ ու գիշերօթիկ դպրոցներում: Նախապատվությունն այսուհետև տրվելու է ընտանեկան նոր ձևերին` որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին և միայն դրանց անհնարինության դեպքում թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում:

Հաստատման փուլում են ևս մի շարք իրավական ակտեր, որոնք  միտված են երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելուն:

Լենա Հայրապետյանի խոսքերով՝  եթե մի քանի տարի առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ գործում էին մի շարք մանկատներ, ապա   այսօր Հայաստանում գործում է պետական 6 մանկատուն՝  նախկին 8-ի փոխարեն: Բացի այդ, Հայաստանում փակվել են միջազգային կազմակերպությունների աջակցությամբ գործող 4 մանկատներից  երկուսը:

«Բարեփոխումների նպատակը երեխաների՝ ընտանիքներում ապրելն է: Դրան են միտված մեր քայլերը»,- ասաց նա:

Placeholder
Բարեփոխումների նպատակը երեխաների՝ ընտանիքներում ապրելն է