Տեր Վահրամ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ հռչակելու հարց դրված չէ
Տարածաշրջան
12:26 16/06/2016

Տեր Վահրամ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ հռչակելու հարց դրված չէ

«Կարծում եմ, որ նման հարցեր քննարկելը տիկին Զոհրաբյանի իրավասությունների ուղեծրի մեջ չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատավական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանի կողմից Թուրքիայի հայկական համայնքի նամակը ընթերցելուն

Ըստ Զոհրաբյանի, նամակով թուրքական հայ համայնքի ներկայացուցիչները դիմում են ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, «որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին»:

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական է: Եվ նման հարցերը՝ թե արդյոք նա կարո՞ղ է մասնակցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, թե՞ ոչ, վճռվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն խորհուրդի կողմից, որի անդամ է հանդիսանում նաև Աթեշյանը»,-ասաց տեղեկատվական համակարգի ղեկավարը:

Անդրադառնալով արքեպիսկոպոսի անձի վերաբերյալ քննադատություններին ու նրան կարգալույծ անելու կոչերին, Տեր Վահրամը բացատրեց, որ կարգալուծությունը ենթադրում է որոշակի գործընթաց որոշակի պայմանների առակայության դեպքում:

«Այս պահին մենք նման նախադրյալներ չենք տեսնում նման գործընթաց սկսելու համար: Այս հարցերի համար կա կարգապահակական հանձնախումբ: Եթե այն նման խնդրի քննարկման անհրաժեշտություն տեսնում է, քննարկում է, եթե չէ, ապա այդ առնչությամբ որևէ բան չի կատարվում: Այս պարագայում նման հարց դրված չէ»,-ասաց նա:

Տեղեկատվական համարգի ղեկավարը նշեց, որ Մայր Աթոռի տարբեր ներկայացուցիչներ արտահայտվել են այս կապակցությամբ՝ հստակ ներկայացնելով, թե որն է խնդիրն ու ինչ կացության մեջ է գտնվում Հայոց Պատրիարքարանը Թուրքիայում:

«Մնացյալ անհատական ելույթները, դիտարկումները, նամակները չեմ կարծում, որ նպաստում են Պատրիարքարանի վիճակի բերալավմանը և հայ համայնքի ընդհանուր կյանքին»,-ասաց նա:
Հայաստան այցելող Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին բողոքի ակցիայով դիմավորելու նախաձեռնություն է ստեղծվել: Նախաձեռնողներին տեր Վահրամը հիշեցնում է, որ այստեղ անձի խնդիր չէ:

«Պետք է ավելի շրջահայաց և ուշադիր լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ա. Աթեշյանը Հայաստանում կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության առիթվ կազմակերպած հանդիսություններին:

Աթեշյանին ուղղված քննադատություններն ու դժգոհությունները սկսվեցին նրա՝ Էրդողանին ուղղված նամակից հետո: Նամակում նա ափսոսանք էր հայտնում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ:

 

Placeholder
Տեր Վահրամ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ հռչակելու հարց դրված չէ