Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Երևանում մեկնարկեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել աշխարհում մեծ հեղինակություն վայելող շուրջ 40 միջազգային երաժշտական մրցույթների (ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի, Մոնրեալի միջազգային մրցույթներ և այլն) տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Վեհաժողովի մեկնարկից առաջ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդիե Շնոխքը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հայերը մշտապես մասնակցում են տարբեր ﬕջազգային մրցույթների և շատ լավ են ներկայացնում Հայաստանը: Բոլորին հայտնի է, թե հայերը որքան տաղանդավոր են»:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ կարևորեց Հայաստանում վեհաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ մեր երկիրն ընդգրկվեց այդ մեծ երաժշտական ընտանիքի մեջ, որն ապահովում է միջազգային լուրջ գործընթացներ:
«Հայաստանը լինելով տարածաշրջանային միակ պետությունը, որն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցությով մտավ այդ ֆեդերացիայի մեջ, վերահաստատեց իր դասական կատարողական արվեստի բարձր որակը: Այս կազմակերպությունը մուտք գործելու համար պետք է հապատասխանել մի շարք չափանիշների, շատ հպարտ ենք, որ կարողացանք հաղթահարել այդ շեմը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ նմանատիպ վեհաժողովները բազմակողմանի խնդիրներ են լուծում:
«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքերով էլ շատ կարևոր են այն համագործակցության եզրերը, որոնք նախանշված են վեհաժողովում. «Միջազգային մրցույթներն ունեն իրենց պարտադիր ծրագիրը, որից մասնակիցը կարող է ընտրել, ցավոք այս պահի դրությամբ Խաչատրյանի կոնցերտներն ներառված չեն այդ հեղինակավոր մրցույթների ցանկերում: Կարծում եմ վեհաժողովը հնարավորություն կտա իրականացնել դա»:
Նշենք, որ վեհաժողովի շրջանակում այսօր՝ ժամը 19.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա WFIMC-ի դափնեկիրների գալա համերգը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Գեորգի Չաիձեն, բարիտոն Արիուբաթար Գանբաթարը, ջութակահար Բարնաբաս Կելեմենը, ալտահար Կատալին Կոկասը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։