Բենիկ Պետրոսյանի բազմաժանր ստեղծագործական համապատկերը՝ Ազգային պատկերասրահում
Մշակույթ
17:04 17/06/2016
Հայաստան

Բենիկ Պետրոսյանի բազմաժանր ստեղծագործական համապատկերը՝ Ազգային պատկերասրահում

150 մանրաքանդակ, երեք տասնյակից ավելի հարթաքանակ և գրաֆիկական աշխատանքներ: Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը»  խորագրով հետահայաց ցուցահանդեսը` նվիրված նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին, ամբողջական պատերացում է տալիս քանդակագործի ստեղծագործական գործունեության մասին:

«Այս ցուցահանդեսը  հնարավորություն է տալիս լիարժեք ծանոթանալ Բենիկ Պետրոսյանի արվեստին մինչև կարողանանք ստեղծել թանգարան ու մշտական ցուցադրություն կազմակերպել»,- ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց   Բենիկ Պետրոսյանի դուստրը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանը:

Նրա բնորոշմամբ, Բենիկ Պետրոսյանը ստեղծել է հանճարեղ աշխատանքներ. «Այս ամենը մի մարդու հեքիաթ է, այն հեքիաթը, որ կարողացավ մեզ բոլորիս նվիրել, հնարավորություն տալ երազել, ճախրել և ժպտալ»:

Արև Պետրոսյանի ներկայացմամբ, Բենիկ Պետրոսյանն ուրախ մարդ էր, կյանքով լի, ընկերասեր, մշտապես շրջապատված էր  իր ընկերներով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը  պատմեց, որ Բենիկ Պետրոսյանի հետ նույն բակում են ապրել. «Անսպառ էր նրա երևակայությունը: Հաճելի զրուցակից էր մեծերի համար, երեխաների համար կուռք էր դարձել: Բարի, լավ անձնավորություն էր, սարսափելի աշխատասեր: Մեծ արվեստագետ էր: Երազել կարելի է, թե ինքն արդեն ավելի հասուն ժամանակ  արվեստի ինչ գործեր կստեղծեր»:

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի  խոսքով՝ միայն ժամանակն է, որ որոշում է  արվեստի չափանիշը:

«20 տարի է Բենիկը մեզ հետ չէ, բայց, դիտելով նրա  ստեղծագործությունները, տեսնում ենք,  որ ժամանակն ավելի է հարստացրել: Նայում ենք և նորից մեր առջև տեսնում հրաշալի վարպետի, հասկանում, որ ունենք մեծ արվեստագետ»,- ասաց նա:

Բենիկ Պետրոսյանը (1939-1996 թթ.) հայ իրականության մեջ առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո, աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն:  Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:
Բ. Պետրոսյանը 1954-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում: 1957թ. մասնակցել է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և այլուր: 1960-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում` Արա Սարգսյանի արվեստանոցում: 1965թ. Երիտասարդական հանրապետական ցուցահանդեսում ստացել է արծաթե մեդալ: 1969թ. ներկայացել է առաջին բացօթյա ցուցահանդեսով, Երևանի Օղակաձև զբոսայգում: Նույն թվականին արժանացել է Մոնրեալի «Էքսպո 69» ցուցահանդեսի գլխավոր մրցանակին: 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ունեցել է ավելի քան 60 անհատական ցուցահանդես Հայաստանում, ԽՍՀՄ-ում և արտերկրում` Ճապոնիա, Հարավսլավիա, Լատվիա, ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: 1987-91թթ անընդմեջ արժանացել է միութենական «Լավագույն քանդակ» մրցանակի: Բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են Հայաստանի թանգարաններում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Մերձբալթյան և այլ երկրների պատկերասրահներում և անհատական հավաքածուներում:
2002թ. ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել է Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե:

 

Placeholder
Բենիկ Պետրոսյանի բազմաժանր ստեղծագործական համապատկերը՝ Ազգային պատկերասրահում